ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մտավորականներին վերջերս ուղղված քննադատությանն արձագանքեցին ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Մարտիրոսյանը հայտարարել էր, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանը տարբեր ժամանակներում այնքան տարբեր բաներ է ասել, հատկապես Ղարաբաղի հարցում…»: Մելքոնյանն էլ ասել է. «Ինքը, լինելով մտավորական, թող ասեր իր մտավորականի խոսքը …»:
Մենք ամենեւին նպատակ չունենք պաշտպանելու Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ անձանցից, առավել եւս՝ Առաջին նախագահն ինքը դրա կարիքը չունի: Տեր-Պետրոսյանը երեկ արձագանքել է տեղի ունեցածին՝ շեշտելով, թե ամենեւին մտադրություն չունի բանավիճելու նրանց հետ:
Սակայն կմեջբերենք Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տարբեր տարիներին արած հայտարարություններից հատվածներ, որոնցում ՀՀ հիմնադիր նախագահը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելիս մշտապես նույնն է պնդել՝ անհրաժեշտ է խնդիրը կարգավորել բանակցությունների միջոցով, փոխզիջումների հիման վրա, այլապես շատ թանկ գին ենք վճարելու:
«Մինչև հիմա մենք ընթացել ենք առճակատման ստրատեգիայով։ Մեր քաղաքականության մեջ Արցախի հարցում ոչ մի դիվանագիտություն չի եղել, դիվանագիտությունն իսպառ բացակայել է։ Մենք ընտրել ենք առճակատման ստրատեգիան, եւ չի կարելի ժխտել, որ այդ ստրատեգիայով մենք հասել ենք լուրջ հաջողությունների… Բայց իմ ընդդիմախոսներն ինձ պետք է ապացուցեն, որ առճակատումն այսուհետեւ էլ կտա դրական արդյունքներ…
Կա մյուս ճանապարհը՝ փոխզիջումների ճանապարհը։ Մենք դա դեռեւս չենք փորձարկել…
Իմ վերլուծություններն ինձ բերել են այն համոզման, որ այսօր առճակատման ստրատեգիան արդեն սպառել է իրեն, եւ ժամանակն է անցնելու փոխզիջումների ստրատեգիային» (Ելույթ ՀՀ ԳԽ փակ նիստում, 03.09.1990):
«Խնդիրներից ծանրագույնն ու դժվարլուծելին մեզ համար եղել եւ առայժմ մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
… Ղարաբաղյան հակամարտությունն այսօր ընդհուպ մոտեցել է իր ճգնաժամային սահմանագծին, որ հղի է միաժամանակ թե՛ պայթյունալի հանգուցալուծմամբ, թե՛ խաղաղության հաստատման բացառիկ հնարավորությամբ։
…Խաղաղությունը չափազանց մոտ է, եւ մոտ է այնքանով, որ ուժերի հարաբերակցության ներկա դրությամբ առաջին անգամ ստեղծված է փոխզիջման իրական հնարավորություն, քանի որ առաջին անգամ կողմերն ունեն սակարկության հավասարարժեք լծակներ։ Փոխզիջման այս հնարավորությունն է, ահա, որ ինքնին խաղաղությունը ձեռնտու է դարձնում միաժամանակ թե՛ ադրբեջանական, թե՛ ղարաբաղյան կողմի համար» (Խոսք ՀՀ անկախության երկրորդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ, 21.09.1993):
«Քաջ գիտակցելով, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժի Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տիրող ո՛չ պատերազմ – ո՛չ խաղաղություն իրավիճակը, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը բանակցություններում պետք է հանդես գան ավելի ճկուն եւ կառուցողական մոտեցումներով» (Ելույթ ՀՀՇ 7-րդ համագումարում, 25.12.1995)
«Ստատուս-քվոյի պահպանումը. ինչպե՞ս եք դա պատկերացնում։ Ես արդեն նշեցի շրջափակման հետեւանքով Հայաստանի համար առաջացած դժվարությունները։ Դրան պետք է գումարել միջազգային հանրության հանգամանքը. ի՞նչ է, միջազգային հանրությունը թույլ է տալու, որ 20 կամ 30 տարի պահպանվի՞ այս վիճակը։ Դա բացառված է, եւ միջազգային հանրությունը կգտնի ձեւեր, միջոցներ՝ այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այն, ինչ որ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլ շատ ավելի վատ վիճակի մեջ ընկնել» (ՀՀ նախագահի ասուլիսը,, 26.09.1997):
«Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ եւ մյուսի պարտություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռք բերված հնարավոր համաձայնություն։
Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել ասելով, թե փոխզիջումն այլընտրանք ունի. փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» (Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը, 01.11.1997):
«Ամենաապշեցուցիչը, սակայն,, այն պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։
… Ստիպված եմ կրկնել իմ վերջին հոդվածի տրիվիալ միտքը. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետեւաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը» (Ելույթ ԱԱԽ նիստում. 08.01.1998):
«Արմատապես հարկ է փոխել Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Հայաստանի ներկա իշխանությունների վարած անհեռանկար եւ վտանգավոր քաղաքականությունը, այսինքն՝ խնդրի լուծումը ձգձգելու, ստատուս-քվոն պահպանելու փիլիսոփայությունից անցում կատարել հարցը լուծելու փիլիսոփայությանը։
…Անիմաստ է վախենալ կամ խուսափել փոխզիջումներից, որովհետեւ այլ լուծում բնության մեջ գոյություն չունի» (Ելույթ հանրահավաքում, 26.10.2008)։
«Որքան ինձ հայտնի է, որեւէ այլ քաղաքական ուժ այսպիսի հստակ, իրատեսական եւ Հայաստանի ու Ղարաբաղի իրական շահերից բխող դիրքորոշում չի արտահայտել։ «Ոչ մի թիզ հող», «ոչ մի զիջում» կամ «ոչ մի հաշտեցում» կարգախոսները, որքան էլ հստակ թվացող, ինձ համար քաղաքական դիրքորոշում չեն եւ հղի են մեր ժողովրդին ազգային աղետի առջեւ կանգնեցնելու վտանգով» (Ելույթ հանրահավաքում 11.11.2009)։
«Քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի վերսկսման վտանգը վերացած չի կարելի համարել։ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը ուժը չի կորցրել եւ երբեք չի կորցնի, անկախ այն բանից, թե որքան ժամանակ կպահանջվի դրանում համոզվելու համար» (Ելույթ ՀՀՇ 16-րդ համագումարում, 20.07.2010)։
«Արդի աշխարհում նվաճողի միջնադարյան իրավունքն ու ջունգլիների օրենքն այլեւս չեն գործում, եւ հակամարտությունների կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի։ Բանկօտտոմանյան կամ ոչմիթիզական մտածողություն ունեցող մեր անզիջողականների կողմից շատ սիրված Իսրայելի օրինակը նույնպես դա է ապացուցում…
«Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապացուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։ Կարիք չկա նաեւ բացատրելու, թե ինչպիսի ողբերգական հետեւանքներ են ունենում պատերազմները։ Ոչ իսկ բուն պատերազմը, այլեւ նրա սպառնալիքն անգամ հղի է այդպիսի հետեւանքներով, որոնցից ամենացցունը զանգվածային արտագաղթն է» (Ելույթ ՀԱԿ համագումարում. 17.12 2016)։
Տեր-Պետրոսյանի ելույթներից, հարցազրույցներից շատ այլ հատվածներ կարելի է մեջբերել՝ հերքելու նրա քննադատների պնդումները: Էլ չենք ասում այն իրողությունը, որ Հայաստանում վերջին երեք տարիներին տեղի ունեցածը, 44-օրյա պատերազմն ըստ էության ապացուցեցին առաջին նախագահի պնդումների ճշմարտացիությունը, որ փոխզիջման այլընտրանքը պատերազմն է, եւ որ ոչմիթիզականությունը երկիրը, ժողովրդին բերում է ազգային աղետի: Այսինքն այն, ինչի շարունակականությանը, փաստորեն, ականատես ենք լինում:
Այս ամենից հետո տարրական բարոյականությունը հուշում է, որ ոչմիթիզականության գաղափարախոսները պետք է ընդունեին իրենց մեղքը եւ ներողություն խնդրեին հասարակությունից՝ այս աղետի մեղսակից դառնալու համար: Բայց կարծես թե մենք այս ամենի փոխարեն հակառակին ենք ականատես լինում:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: