Ըստ Украина Online-ի՝ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, նախկին լրագրող Ալեքսանդր Դուբինսկին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը ձերբակալման պահին սպանել են ռուս-ուկրաինական բանակցությունների պատվիրակության անդամ Դենիս Կիրեեւին: Կիրեեւին կասկածում են պետական դավաճանության մեջ:
Դրա մասին տեղեկություն են փոխանցել նաեւ ուկրաինական Obozrevatel գործակալության բարձրաստիճան անձինք, ինչպես նաեւ ուժային գերատեսչության անանուն աղբյուրները:
Ըստ «Ուկրաինասկայա պրավդա» գործակալության՝ երկրի անվտանգության մարմինները հստակ տվյալներ են ունեցել Կիրեեւի դավաճանության գործով, երբ գաղտնալսել են նրա հեռախոսազրույցները:
Ուկրաինական ZN.UA-ի տվյալներով՝ 2006-2008 թվականներին Դենիս Կիրեեւն աշխատել է «Ֆինանս կապիտալ մենեջմենթ» համակարգում, զբաղեցրել է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Կիրեեւի հաջորդ աշխատանքը դարձել է Վիեննայում Անդրեյ եւ Սերգեյ Կլուեւ եղբայրների ավստրիական GROUP SLAV AG ընկերությունը:
2006-2012 թվականների ընթացքում Դենիս Կիրեեւը «Ուկրէքսիմբանկի» Դիտորդական խորհրդի անդամ էր: 2010-2014 թվականներին՝ «Օշչադբանկի» վարչության ղեկավարի առաջին տեղակալը: Զբաղվել է Private equity Fund եւ Fixed income Fund մասնավոր ընկերությունների ֆոնդերի կառավարմամբ:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը փորձում է պարզել՝ ինչ հանգամանքներում է Կիրեեւը հայտնվել ռուս-ուկրաինական բանակցությունների պատվիրակության անդամի կարգավիճակում:
«Ալիք Մեդիան» փորձում է ճշտել լուրի հավաստիությունը։