Կրթության մատչելիությունն ու հասանելիությունը՝ որպես հասարակության զարգացման եւ առաջընթացի հիմնական միջոցներ, ամրագրվել են դեռեւս 1990-ականներին, երբ ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներն ընդունեցին «Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան» (1989 ՄԱԿ) եւ «Կրթությունը բոլորի համար համաշխարհային հռչակագիրը» (2002, Դակար)։
2013-ին ստեղծված «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի նպատակը Հայաստանի բոլոր երեխաների կրթության հասանելիությունն ապահովելն է: Այդ նպատակի իրականացման համար հիմնադրամը հավաքագրում եւ վերապատրաստում է բուհերի շրջանավարտների, որոնք երկու տարի դասավանդում են Հայաստանի մարզերի ամենակարիքավոր դպրոցներում:
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի երիտասարդ մասնագետների հավաքագրման կոորդինատոր Անդրանիկ Մանուկյանը եւ ծրագրի մասնակիցներից Շուշան Ավետիսյանը «Ալիք Մեդիա»֊ի հետ զրույցում պատմեցին ծրագրի կարեւորության, դրա ընձեռած հնարավորությունների եւ մի շարք այլ հետաքրքիր մանրամասների մասին:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցների թիվը բավականին մեծ է, նրանք ձեռք են բերում ոչ միայն լուրջ փորձառություն, այլեւ դառնում են հիմնադրամի մեծ ընտանիքի անդամը:
Անդրանիկն ասում է, որ մարզերում կրթության կարեւոր խնդիրներից մեկը մասնագետների պակասն է. շատ են դեպքերը, երբ ուսուցիչների պակասի հետեւանքով նույն մասնագետը երեխաներին դասավանդում է մի քանի առարկա, օրինակ՝ ե՛ւ ֆիզիկա, ե՛ւ հայոց պատմություն:
«Հիմնադրամը միջազգային ցանցի անդամ է, 50 եւ ավելի երկրներում գործում են նման ծրագրեր, եւ ամեն երկիր կրթական ոլորտում ունի իր խնդիրները: Ինչպես հիշում եք, ԿԳՄՍ նախարարության փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթներից մեկում նշեց մարզերում ուսուցիչների զգալի պակասի մասին, ու հենց դրա համար էլ գոյություն ունի մեր ծրագիրը»,- ասում է Անդրանիկն ու հավելում, որ իրենց տեսլականն է ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխայի հասանելի կլինի կրթությունը:
Ծրագիրը գտնում է երիտասարդ մասնագետների, վերապատրաստում է եւ գործուղում մարզեր երկու տարով՝ դասավանդելու եւ համայնքային ազդեցության ծրագրեր իրականացնելու: Կարեւոր է ունենալ բարձրագույն ուսումնական հաստատության նվազագույնը բակալավրի աստիճան: Ծրագրին կարղ են մասնակցել ոչ միայն մանկավարժները։ Օրինակ՝ եթե շրջանավարտն ունի Սլավոնական համալսարանի դիպլոմ, նշանակում է՝ լավ է տիրապետում ռուսերենի, Ամերիկյան համալսարանի շրջանավարտը՝ անգլերենի, ու դրա շնորհիվ կարող են դասավանդել այդ լեզուները դպրոցներում:
Մարզերի դպրոցներում աշխատանքից զատ ծրագրի մասնակիցները վարում են նաեւ արտադասարանային խմբակներ, որոնց ընթացքում երեխաների հետ կա՛մ զարգացնում են իրենց դասավանդած առարկան, կա՛մ զբաղվում ժամանցային, հետաքրքրաշարժ այլ գործերով: Շատ մասնագետներ առարկայական խմբակներից բացի վարում են նաեւ ազգային պարերի, երգի, շախմատի խմբակներ:
Մասնակիցները ընդունվում են աշխատանքի կես կամ ամբողջական դրույքաչափով, սակայն դպրոցի աշխատավարձից բացի նրանք նաեւ ամեն ամիս ֆինանսավորովում են հիմնադրամից 170 հազար դրամի չափով (Արցախ գործուղվելու դեպքում՝ 200 հազար դրամ)։ Իսկ ամենասկզբում տեղակայվելու համար մասնակիցներին տրամադրվում է միանվագ 50 հազար դրամ (Արցախ գործուղվելու դեպքում՝ 200 հազար դրամ):
Ծրագրի մասնակիցներից Շուշանը պատմում է, որ լինելով թարգմանիչ եւ միջազգայնագետ, բայց չունենալով մանկավարժի որակավորում` դասավանդման երկու տարիների ընթացքում հեռակա սովորել է Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Նշենք, որ հիմնադրամն ամբողջությամբ փոխհատուցում է ուսման վարձը:
Ճամբարակի Կալավան համայնքում դասավանդած Շուշանն ասում է, որ սկզբնական շրջանում եղել են դժվարություններ, սակայն ոգեւորվածությունն օգնել է հաղթահարելու դրանք: «Առաջին անգամ էի դասավանդում, չնայած որ ամառային ակադեմիան օգնեց ձեռք բերելու դասավանդման փորձ: Կենցաղային լուրջ խնդիրներն ինձ համար դժվար չէր հաղթահարելը, քանի որ ես էլ եմ համայնքից, բայց ժամանակ էր հարկավոր հարմարվելու համար: Իմ մեծագույն վախը միայնակ ապրելն էր, բայց այդ ամենն ամբողջությամբ հաղթահարեցի»,- հիշում է նա:
Շուշանը դասերից, արտադասարանական խմբակներից բացի համայնքի կանանց ու աղջիկների հետ կիսվել է նաեւ ձեռագործության իր հմտություններով ու, ստեղծելով ձեռագործ խաղալիքների խմբակ, օգնել է նրանց ինչ-որ առումով փոքրիկ ֆինանսական անկախություն ձեռք բերելու:
Անգամ հիմա, երբ ծրագիրն ավարտվել է, Շուշանը պահում է կապը նախկին աշակերտների ու համայնքի բնակիչների հետ եւ լիահույս է, որ ծրագիրը շարունակական կլինի:
Կերտել այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա, անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կունենա հնարավորություն՝ բացահայտելու իր ողջ ներուժը գերազանց կրթության միջոցով. սա է հիմնադրամի գլխավոր գաղափարախոսությունը: