«Ալիք Մեդիան» ստորեւ ներկայացնում է ճապոնական The Japan Times պարբերականում հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական-ռազմական հարցերի բյուրոյի արտաքին կապերի նախկին պաշտոնյա Բենեթ Ռամբերգի հոդվածը։ Ռամբերգը նաեւ «Ատոմային էլեկտրակայանները որպես թշնամու զենք» (Nuclear Power Plants as Weapons for the Enemy) գրքի հեղինակն է։
Եվրոպայում ամենախոշոր՝ ռուսական հսկողության տակ անցած ուկրաինական Զապորոժիեի ԱԷԿ-ի հարակից տարածքում անցած հինգշաբթի տեղի ունեցած միջադեպը կարծես թե ավելի է ընդգծում The Japan Times-ի հոդվածում արծարծվող խնդիրների հրատապությունը եւ ընկալվում իբրեւ սթափության կոչ՝ ուղղված երկու կողմին։ Նախքան հոդվածին անցնելը արժե մեկ անգամ եւս հպանցիկ վերհիշել միջադեպն ու դրա շուրջ ծավալված որոշ մանրամասներ։
Ի վերջո ի՞նչ էր կատարվել ԱԷԿ-ում
Իսկ կատարվել էր այն, ինչ սովորաբար տեղի է ունենում զինված հակամարտության ընթացքում․ Ռոսգվարդիայի շրջիկ պարեկը հարձակման էր ենթարկվել ուկրաինական բանակի կողմից։ ԱԷԿ-ի հարակից տարածքում գտնվող ուսումնավարժական համալիրի մի քանի պատուհաններից պարեկի ուղղությամբ հրաձգային զենքից կրակ էր բացվել։ Ուկրաինացիների կրակակետերը ճնշվել էին պատասխան կրակով։ Վերջիններս շենքից դուրս գալիս հրկիզել էին այն։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ավելի ուշ կհայտարարի, որ ԱԷԿ-ի անվտանգության համակարգերը չեն վնասվել, ճառագայթման արտանետում չի եղել: Հրդեհը վաղուց արդեն մարվել է, սակայն միջադեպի շուրջ կրքերը դեռ բորբոքվում են:
ՌԴ ՊՆ-ն էլ շտապել է հայտարարել, թե Վլադիմիր Զելենսկու` Զապորոժիեի ԱԷԿ-ում տեղի ունեցած իրադարձություններին հետեւած հայտարարությունները էլեկտրակայանին սպառնացող վտանգի մասին եւ նրա բանակցությունները ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ ոչ մի կասկած չեն թողել, որ սադրանքի նպատակը ՌԴ-ին ռադիոակտիվ ախտահարման համար մեղադրելն էր։
Ինչեւէ, ավելի ուշ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը իրավամբ կնկատի, որ աշխարհն Աստծու ողորմությամբ մեծ փորձանքից փրկվեց։
Արժի՞ արդյոք այս գնով պատերազմել
Բենեթ Ռամբերգն իր հոդվածի հենց սկզբում զգուշացնում է, որ Կրեմլը ձգանը քաշի թե չէ, դա կհանգեցնի այնպիսի աղետի, որ երբեւէ որեւէ ներխուժող բանակ չի տեսել։ Ռամբերգն ահազագնում է, որ չորս տարբեր վայրերում տեղակայված 15 ռեակտորները, որոնք ապահովում են Ուկրաինայի էներգետիկ կարիքների շուրջ 50%-ը, հարվածի տակ ընկնելու դեպքում ահավոր սպառնալիք են, իսկական ռադիոլոգիական ականներ, որոնց Ռուսաստանն ինքը կարող է զոհ դառնալ։
Հաշվի առնելով միջուկային ռեակտորների խոցելիությունը՝ Վլադիմիր Պուտինը պետք է կրկին մտածի՝ արժի՞ արդյոք այս գնով պատերազմել:
Թիրախներ, որոնց ոչնչացնելը նվազեցնում է հակառակորդի պայքարը շարունակելու ունակությունը
Էլեկտրակայանները սովորական թիրախներ են ժամանակակից հակամարտություններում, քանի որ դրանք ոչնչացնելը նվազեցնում է հակառակորդի՝ պայքարը շարունակելու ունակությունը:
Բայց միջուկային ռեակտորները նման չեն էներգիայի այլ աղբյուրների: Դրանք պարունակում են ռադիոակտիվ նյութերի հսկայական քանակություններ, որոնք կարող են արձակվել բազմաթիվ եղանակներով:
Օրինակ՝ օդային ռմբակոծումը կամ հրետանային կրակը ընդունակ է ավերել ռեակտորի միջուկային վառելիքի պահման կառույցը կամ ռեակտորի հիմնական անվտանգությունն ապահովող վթարային հովացման համակարգը: Նույն կերպ էլ կիբերհարձակումն է ի վիճակի խափանել կայանի աշխատանքները:
Եթե ռեակտորի միջուկը սկսի հալվել, պայթուցիկ գազերը կամ ժայթքող ռադիոակտիվ բեկորները դուրս կմղվեն: Հայտնվելով մթնոլորտում՝ արտահոսքը կտարածվի հազարավոր մղոններ՝ չափազանց թունավոր ռադիոակտիվ տարրեր նետելով դեպի քաղաքային եւ գյուղական լանդշաֆտներ:
Չեռնոբիլի 600 հազար «լիկվիդատորները» եւ միլիոնավոր մարդկանց տառապանքները
ՄԱԿ-ի Չեռնոբիլին նվիրված համաժողովի տվյալներով՝ 1986-ին Ուկրաինայում տեղի ունեցած վթարի պատճառած քաղցկեղի մահացության դեպքերն ավելացել էին 5000-ով։ Իսկ վահանաձեւ գեղձի քաղցկեղի հազարավոր դեպքեր առաջացել են վթարից հետո ընդամենը մի քանի տարում:
Չեռնոբիլի տեղում ճառագայթման աճը կրճատելու համար խորհրդային իշխանությունները ստիպված էին այլ վայրեր տեղափոխել հարյուրհազարավոր մարդկանց։ Տասնամյակներ շարունակ գյուղատնտեսական հողերի ու անտառների հսկայական տարածքներ անմշակ են մնացել:
Ռեակտորի ներսում եւ շրջակայքում տեղակայվել են 600 հազար այսպես կոչված «լիկվիդատորներ», որոնք պետք է մաքրեին տարածքը: Ինժեներները ռեակտորի շենքի վրայով կառուցել էին հսկա «սարկոֆագ», որպեսզի դրանում հավաքեն հետագա արտանետումները: Միեւնույնն է, հակառակ այս ամենի, միլիոնավոր մարդիկ հոգեբանական տառապանքների ենթարկվեցին։
Միջուկային վթարից հետո Ուկրաինան երկար կտառապի հետեւանքներից
Պատերազմը մեծացնելու է այս ռիսկերը, քանի որ ռեակտորի օպերատորները, որ կարող են մեղմել վթարը, ավելի շատ հակված կլինեն փախչելու ռմբակոծությունների ահից: Եթե ռեակտորը հայտնվի քաոսային ռազմի դաշտի կենտրոնում, հնարավոր է նույնիսկ որեւէ առաջին արձագանք չլինի, եւ ահաբեկված ու չտեղեկացված բնակչությունը, տրվելով տարածվող լուրերին, խուճապի կմատնվի թունավորված գոտում:
Երբ զենքերը դադարեն կրակելուց, Ուկրաինան դեռ երկար կտառապի հետեւանքներից, որոնք մնում են ցանկացած միջուկային վթարից հետո:
Ռադիացիոն արտանետումները չունեն ազգային սահմաններ: Ռամբերգը հույս է հայտնում, որ հաշվի առնելով Չեռնոբիլի ժառանգությունը՝ Ռուսաստանը գուցե կխուսափի գործող ռեակտորների վրա հարձակումներից:
Ադրբեջանը մտադիր էր հարձակվելու Մեծամորի ատոմակայանի վրա
Եղել են նաեւ դեպքեր, երբ քննարկվել են գործող ատոմակայանների վրա հարձակումներ. Սերբիան Բալկանյան պատերազմի սկզբին մտածում էր հարված հասցնել Սլովենիայի Կրսկոյի ատոմակայանին, իսկ Ադրբեջանը մտադիր էր 2020-ի պատերազմում հարձակվելու Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վրա:
Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի մարտական պահվածքը մտահոգության տեղիք է տալիս։ Աֆղանստանի, չեչենական եւ սիրիական պատերազմներում ռուսական ուժերի գործողությունները հաճախ անցել են ընդունված պայմանական սահմանները: Ընդհանրապես կան պատերազմի քմահաճություններ:
Բայց Կրեմլի համար դասը պետք է պարզ լինի. Ուկրաինա ներխուժելը ռադիոլոգիական աղետի վտանգ է, որը հետեւանքներ է ունենալու ոչ միայն Ուկրաինայի, այլեւ հենց Ռուսաստանի համար:
Հոդվածի թարգմանությունը՝ Կարինե Դավոյանի