Ըստ ամերիկյան Politico պարբերականի՝ ԱՄՆ Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունները ներկայացնող սենատորները հանդես են եկել Ուկրաինայում անթռիչք գոտի սահմանելու դեմ։ Ըստ սենատորների՝ հակառակ դեպքում դա սպառնում է հակամարտության աննախընթաց սրացմամբ:
Մասնավորապես, դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին հիշեցրել է Արեւմուտքի այն պարտականության մասին, ըստ որի՝ Մոսկվային անհրաժեշտ է պարզորոշ ակնարկել, թե ինքը՝ Արեւմուտքը, ամենեւին մտադիր չէ նրա դեմ պատերազմելու:
Ավելի ուշ Մերֆին հավելել է, որ ռուսական ինքնաթիռները խոցելու համար Կոնգրեսը պետք է «Պատերազմ հայտարարելու» մասին օրինագիծ ստորագրի, բայց նման բան դեռ տեղի չի ունենում: Իր հերթին հանրապետական Ջոնի Էռնսթը հայտարարել է, թե Ուկրաինայում նման միջոցի սահմանումը կվերածվի Երրորդ աշխարհամարտի:
Կուսակցության գծով Էռնսթի զինակից եւ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կոչ է արել սահմանափակվելու ռուսական էներգետիկական ընկերությունների դեմ պատժամիջոցներով եւ Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ:
Ներկայում միայն ԱՄՆ մեկ սենատոր՝ դեմոկրատ Ջո Մանչինն է, որ դեմ չի արտահայտվել Ուկրաինայի երկինքը փակելուն՝ ի պատասխան ուղիղ հարցման: Մանչինն ասել է, թե ԱՄՆ-ը Ուկրաինայի ժողովրդին, Ուկրաինայի նախագահին ու նրա կառավարությանը կաջակցի հնարավոր բոլոր միջոցներով։