Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Հաագայի միջազգային դատարանը մարտի 7-ին եւ 8-ին լսումներ կանցկացնի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի վերաբերյալ։ Կիեւը պահանջում է միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը դադարեցնելու համար։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին, որն Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար շահարկում է «ցեղասպանություն» եզրույթը։
Ուկրաինական կողմն իր փաստարկները դատարանում կներկայացնի երկուշաբթի՝ մարտի 7-ին։ Ռուսական կողմին կլսեն երեքշաբթի՝ մարտի 8-ին։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հայտարարել էր Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը հետաքննելու անհրաժեշտության մասին։ Դրա համար կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի կազմում կընդգրկվի երեք փորձագետ։
Ավելի վաղ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի վրա ռուսական զորքերի հարձակումը գնահատում է իբրեւ ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում եւ ագրեսիայի գործողություն, ինչը հանցագործություն է միջազգային իրավունքի շրջանակում։