Մարդը դժվարությամբ է հայացքը կտրում կրակից, այն որոշակի հիպնոսային ազդեցություն ունի։ Կրակի բոցերն ու շիթերը, կլանելով տախտակի վրա փակցված ենթաշրջանակով կտավը (գեղանկարի հիմքը), վերացական պատկերներ են ստեղծում, կտավ-շրջանակը, վերանալով կրակի ճիրաններում, հետք է թողնում մեկ այլ հարթության վրա։ Որպես արդյունք՝ ստացվում են այրված կտավներ:
Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է «Լեո Լեո Վարդանյան. հետքեր» ցուցադրությունը, որը տասներկու երկչափ եւ մեկ վիդեոարտ նմուշից բաղկացած շարք է։
«Հետքեր» շարքը ստեղծվել է հենց այս վիդեոարտի համար: Արվեստագետը փորձել է արձանագրել կրակի «աշխատանքը», առաջին պատկերը ստանալուց հետո որոշել է ոչ միայն ստեղծել վիդեո արտ, այլեւ առաջին պատկերը պահելով՝ ստանալ նորերը: Վիդեոարտի մեջ ավարտը չի երեւում, մոնտաժի միջոցով կրակը ձեւափոխվում է, իսկ ահա տասներկու երկչափ կտավներում տեսնում ենք արդյունքը։
Նկարիչն այստեղ կտավի մակերեսն է օգտագործել, փայտի մակերեսը դարձրել արտահայտչամիջոց: Լեո Լեո Վարդանյանը հաճախ է դիմում բնական տարերքներին:
«Կրակը մարդու նման է, ե՛ւ ավերող, ե՛ւ արարող: Կրակի պես մարդն էլ իր կյանքի ընթացքում որոշակի հետք է թողնում։ Այրվող կտավները փոխաբերական իմաստով ընթացքի մեջ են եւ ոչնչանալով ստեղծում են մեկ այլ իրականություն: Դիտողն ինքն է մեկնաբանում արդյունքը»,- ասում է Լեո Լեո Վարդանյանը։ Նավթ, բենզին, ացետոն. կրակը հնարավորինս կառավարելու համար տեխնիկական տարբեր միջոցների է դիմել նկարիչը, այստեղ կարեւոր է նաեւ շրջանակի ենթակառուցվածքը։
«Դեռեւս 2018 թվականին, երբ աբստրակցիոնիստ նկարիչների խմբային ցուցադրություն ունեցանք, ցուցադրվեց նաեւ Վարդանյանի աշխատանքներից մեկը, որը դարձյալ սպիտակ հարթության որոշակի ուսումնասիրություն էր։ Առհասարակ նրա աշխատանքները որոշակի վերացական ֆենոմենների շատ ցցուն կամ նուրբ արտահայտություն ունեն,- ասում է համադրող Արմեն Եսայանցը, որի կարծիքով ցուցադրությունը մեկնաբանությունների շատ կողմեր ունի,- այստեղ յուրահատուկ ձեւով բախվում են ստեղծելու ու ոչնչացնելու դիսկուրսները՝ չբացառելով մեկը մյուսին։ Կրակն այս դեպքում դառնում է համահեղինակ. արվեստագետը ստեղծել է տվյալ պայմանները, ինքն է ուղղորդում կրակը»։
Այստեղ գեղանկարչական որոշակի հղում կա. այրվող կտավից, գեղանկարից դիտողի աչքի առաջ մեկ այլ գեղանկար է ստեղծվում։ «Հետքեր»-ի մեջ, ըստ նկարչի, լիովին երեւում է կրակի ուժը: «Նախագիծը նպատակ ունի ստեղծելու միջավայր, որտեղ կրակին տրվում է սեփական սկիզբը, կուլմինացիան ու ավարտը գրանցելու հնարավորություն»,- ասում է Վարդանյանը։
Կրակ, հող, ջուր… բնական այս տարերքների տեխնիկայով Հայաստանում շատերն են աշխատում, պարզապես Լեո Լեո Վարդանյանը կրակին այլ մեկնաբանություն է տալիս։ Համադրող Արմեն Եսայանցը նշում է Սեւի՝ Հենրիկ Խաչատրյանի անունը, որը կրակի հետ աշխատող ամենահայտնի հայ արվեստագետն է: Կրակի հետ ժամանակին աշխատել է նաեւ Նարեկ Ավետիսյանը։
«Հետքեր»-ը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Տաբուլա ռազա» նախագծի առաջին ցուցադրությունն է։ «Տաբուլա ռազան», որ լատիներենից թարգմանաբար նշանակում է «հարթ, մաքուր տախտակ», դեռեւս հին հունական փիլիսոփայությունից սերող եզրույթ է․ այն կիրառվում է իմացաբանական եւ հոգեբանական առումներով, երբ մարդու գիտակցությունը ծնվելու պահին մաքուր տախտակի հետ է համեմատվում։ «Այդ տեսանկյունից թանգարանային պատերը եւս «մաքուր տախտակներ» են,- ասում է համադրողը,- դրանք անբիծ են մինչեւ նոր իմաստներով լցվելը»:
Գաֆեսճյան կենտրոնի «Մեկ» պատկերասրահում Լեո Լեո Վարդանյանի «Հետքեր» ցուցադրությունը կգործի մինչեւ մայիսի 29-ը։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։