Ինչպես պայքարել, երբ թվում է՝ հույս չկա․․․ Պայքարի ու հաղթանակի, սեփական օրինակով չհանձնվելու կոչով Գյումրիում էր «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակ Անի Քոչարը։
Հանդիպում-քննարկումը նախաձեռնել էր Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը։
Գյումրու կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն սրահում գրքի հեղինակը՝ անբուժելի համարվող հիվանդությունը հաղթահարած Անին, կիսվեց իր պատմությամբ, հուզեց ու հուզվեց հանդիսատեսի հետ։
Պատմեց հիվանդության դեմ իր դժվարին պայքարի, ծանր ապրումների մասին։ Անիի խոսքով՝ այս գիրքը քաղցկեղի մասին չէ, այլ հզոր հավատի, կյանքը շատ սիրելու, մեծ հավատով ու ապրելու վճռականությամբ պայքարելու եւ երբեք չհանձնվելու մասին է:
Գիրք գրելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ հեղինակը կյանքի կռիվ տալու ճանապարհին փորձել է համացանցում պեղել ու գտնել հայերեն գրականություն։ Փնտրտուքն ապարդյուն է եղել։
«Չգտա գեթ մեկ վերապրածի, ով հույս կներշնչեր, որ քաղցկեղը դատավճիռ չէ»,- պատմում է Անին եւ փաստում, որ փոխարենը համացանցը լիքն էր անգլերեն, ռուսերեն եւ այլ լեզուներով նման գրականությամբ։ Այդ ժամանակ Անին որոշում է՝ եթե ապրի, պետք է բարձրաձայնի, խոսի եւ իր գրքի միջոցով լինի այն մարդկանց կողքին, ովքեր այդ պահին դրա կարիքն ունեն։
«Հիվանդը կարիք ունի սատարող, սթափեցնող խոսքի, մեկը պետք է ասի, որ իրավունք չունես հանձնվելու»։ Որոշումը հստակ էր, այդ մեկն ինքն էր լինելու։
Գրքում հեղինակը փոխանցում է անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։
Անին անկեղծորեն պատմեց, որ ամուսնացել է կյանքի ամենաբարդ փուլում, երբ չգիտեր՝ վաղը լինելու է, թե ոչ։ Սիրեցյալը նրա նկարը տեսել ու հասկացել է, որ այս աղջկան միշտ է փնտրել։ Սիրելի զավակն ու սիրեցյալը ուժ են տվել, որ երիտասարդ կինը հավատա իրեն ու հաղթի վախին։ «Եթե ուզում ես ապրել, կյանքը քեզ մշտապես տալիս է հնարավորություններ՝ առավելով»։
Հեղինակը ներկաներին հորդորեց ցանկացած փորձության պահին չկորցնել ողջախոհությունը, չչարանալ ոչ մի դեպքում։ «Եթե անգամ ողջ աշխարհը չհավատա քեզ, ինքդ պետք է հավատաս քեզ ու ոտքի կանգնես քո մեծ հավատով։ Հավատը իմ պայքարի ուղենիշն է եղել, իմ կյանքում չկա որեւէ հաղթանակ, որն առանց հավատի լինի։ Եթե հավատում ես, կտեսնես»,- վստահեցրեց Անին։
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ուրախությամբ փաստում է, որ ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է։ «Հանձնվել չկան» այն գրքերից է, որը դրական էներգիայի անսպառ աղբյուր է։
«Ժամանակակից գրողները, ինչպես Անի Քոչարը, կարողանում են անկեղծորեն խոսել սեփական կյանքի եւ խնդիրների մասին՝ դրանով իսկ մոտիվացնելով, հասարակությանը դրական ազդակ փոխանցելով»,- ասում է Լիլիթ Թովմասյանը։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը 2 ժամում է կարդացել գիրքը, խիստ տպավորված է, ասում է՝ Անիի ցավը դեղատոմս է դարձել ուրիշների համար։ Գրքից մեկ տող է առանձնացրել, կարդում է. «Խոսքի ու մտքի միջոցով մենք ի զորու ենք ապրել ու մեզ կյանքի կոչել»։ Կարծում է՝ հեղինակի ասելիքն ամփոփված է այս մեկ նախադասության մեջ։ Տիկին Ղուկասյանը վստահ է՝ հոգեվերլուծական «Հանձնվել չկա» գիրքը պետք է դրվի նաեւ բժշկագիտական գրքերի կողքին։
Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանով եւ փոխադարձ վստահեցումներով, որ այսուհետեւ ցանկացած խնդրի դեպքում լուծումը մեկն է լինելու՝ հանձնվել չկա, եւ ամեն բան լավ է լինելու։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։