Շիրակի մարզի գյուղատնտեսներն ու անհատ հողօգտագործողները մարտի 7-ին մոտ 1 ժամով փակել էին Գյումրի-Երեւան ավտճանապարհը՝ բողոքելով էկոնոմիկայի նախարարության որոշման դեմ, ըստ որի՝ մինչեւ 3 հեկտար տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորելու են պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 9 հազար դրամը։
Ամասիա խոշորացված համայնքի Բյուրակն գյուղի բնակիչ Գեւորգ Մխիթարյանը նշում է, որ սկզբում էկոնոմիկայի նախարարությունում որոշել են սուբսիդավորել 50 տոկոսով, այնուհետեւ որոշումը փոխվել է, եւ շրջանառության մեջ է մտել 9 հազար դրամի գաղափարը։
«Այսօր պարարտանյութի վերջնական գինը ոչ մեկը չգիտի, կարող է վաղը, փոխարժեքով պայմանավորված, 20 հազար դրամը 30 հազար դառնա, որից 9 հազարը վճարի կառավարությունը, մնացածը կրկին կվճարենք մենք»,- նշել է Մխիթարյանը։ Վերջինս, որ 20 հեկտար հող է մշակում, հարցնում է. «Երեքինը սուբսիդավորմամբ գնեց, բա մնացա՞ծը: Ստիպված պիտի ուրիշի փաստաթղթերով գնեմ, բռնեն՝ դատեն»,- ասում է գյուղատնտեսը։
Ավելի խոշոր՝ 80 հեկտար հողատարածքներ մշակող, 30 աշխատատեղ ստեղծած Գեւորգ Ավագյանը զարմանում է՝ ինչու են իրենց արգելում դառը քրտինքով հաց վաստակել։ «Խոստացան՝ 6 միլիարդի սուբսիդավորում կլինի, որ ով ուզենա, պարարտանյութ գնի։ Հետո որոշեցին մինչեւ 3 հեկտար սուբսիդավորել, այսինքն՝ եթե չորրորդն ուզենամ մշակել, չմշակե՞մ։ Գնանք առեւտրական դառնա՞նք ազգովի»,- հարցնում է գյուղատնտեսը՝ համոզված, որ այս տեմպերով շարունակելու դեպքում մեր երկիրը կկանգնի լուրջ պարենային խնդրի առաջ։
Հողօգտագործողների բողոքին պատկան մարմիններից ոչ ոք չի արձագանքել։ Գյուղատնտեսներն ինքնակամ բացել են ճանապարհը՝ կառավարությանը պատասխանի համար մինչեւ մարտի 14-ը ժամանակ տալով։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։