Ըստ «Եվրոպեյսկայա պրավդա»-ի՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը պետք է Վրաստանի եւ Մոլդովայի դիմումներից առանձին դիտարկել։
«Մեր վրացի եւ մոլդովացի գործընկերների նկատմամբ մեծ հարգանքով հանդերձ՝ Մոլդովայի եւ Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության հայտեր ներկայացնելն այս պահին նման է իրենց երկու վագոնը Բրյուսել շարժվող արագընթաց ուկրաինական գնացքին միացնելու փորձին»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Վրացիների եւ մոլդովացիների համերաշխությունը Ուկրաինային բարձր գնահատելով եւ մարդասիրական օգնության համար երախտապարտ լինելով հանդերձ՝ Կուլեբան քննադատել է Թբիլիսիին եւ Քիշնեւին՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին չաջակցելու համար։
«Այս դիրքորոշումը չի համապատասխանում Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի գործընկերային հարաբերություններին «Ասոցացված եռյակում» եւ վառ կերպով ցույց է տալիս, որ Թբիլիսին եւ Քիշնեւը պատրաստ չեն դառնալու Եվրոպայի անվտանգության իրական աջակիցը»,- ասվում է նախարարի հայտարարությունում։