Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Եվրամիության մի շարք երկրներ, որոնց թվում՝ Գերմանիան եւ Նիդերլանդները, դեմ են Ուկրաինային ԵՄ-ին միանալու թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։
Ըստ եվրոպացի անանուն դիվանագետի՝ Գերմանիան, Նիդերլանդները եւ մի շարք այլ երկրներ ձգտում են կենտրոնանալու Ուկրաինային գործնական օգնություն ցուցաբերելու եւ ռազմական գործողությունները դադարեցնելու վրա։
Ինչ վերաբերում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացին, այն, ըստ դիվանագետի, կարող է ձգձգվել առնվազն տասը տարի: Գերմանիան եւ Նիդերլանդները ցանկանում են, որ նախքան քաղաքական որոշում ընդունելը ԵՄ գործադիր մարմինն իր կարծիքը հայտնի Ուկրաինայի՝ անդամակցության գործընթացին իր պատրաստակամության վերաբերյալ:
Միեւնույն ժամանակ Ուկրաինային համապատասխան կարգավիճակի տրամադրմանն աջակցող Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի եւ Էստոնիայի ղեկավարների կարծիքով ԵՄ-ի համար խորհրդանշական կլինի Ուկրաինայի դիմումին աջակցելը, նույնիսկ եթե նրա՝ միություն մուտք գործելու գործընթացը տեւական եւ բարդ լինի։