Ուսանողների՝ սովորելուն զուգահեռ աշխատելը որոշակի առավելություններ ունի: Գլխավորը աշխատավարձն է։ Բացի այդ՝ երկու կամ ավելի գրաֆիկների համատեղումը օգնում է օպտիմալ ու արդյունավետ կառավարելու ժամանակը: Այնուամենայնիվ, սովորելու ընթացքում աշխատելը կարող է նաեւ խանգարել ուսմանը:
«Նախկինում ուսանողները սովորում էին ու ձեռքի հետ աշխատում, հիմա աշխատում են ու ձեռքի հետ սովորում»,- նկատում է դասախոս Արուսյակ Ղարիբյանը: Նա կարծում է, որ վատ չէ, երբ ուսանողը ֆինանսական կայունություն ունի եւ ուսման վարձն ինքն է վճարում, որովհետեւ շատ են դեպքերը, երբ ֆինանսական խնդիրների պատճառով ուսանողները չեն կարողանում ուսումը շարունակել: Սակայն որպես դասավանդող նաեւ նշում է, որ ուսանողների գերակշռող մասը համատեղում է ուսումն աշխատանքի հետ, ինչը մի շարք ռիսկեր է ի հայտ բերում. գերհոգնում են՝ չկարողանալով բավարար ժամանակ հատկացնել ուսմանը, եւ համալսարանն ավարտում են մեծ դժվարությամբ՝ հիմնականում վերահանձնումներով:
Հարկային օրենսգրքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն` 2020-ի ուսումնական տարվանից սկսած՝ աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին: Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի եւ օրդինատուրայի այն մասնագիտությունների ցանկը, որոնցից որեւէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում կստանա:
Ղարիբյանը կարծում է, որ այս որոշումը ոչ միանշանակ ազդեցություն կունենա կրթության որակի վրա. «Այն ուսանողները, որոնք ինչ-որ առումով ֆինանսապես կայուն էին եւ ստիպված չէին համատեղել ուսումը եւ աշխատանքը, այսուհետ կարող են չդիմանալ գայթակղությանը: Ստացվում է, որ սովորողները, որոնք ուսումնառության տարիներին բացառապես կենտրոնացած էին ուսման վրա, նույնպես կձգտեն աշխատելու, թեկուզ ոչ մասնագիտությամբ: Ստեղծված իրավիճակում ցանկալի լուծումը կլինի այն, որ գործատուները թույլ տան ուսանողներին հաճախել դասերին: Սակայն հավելեմ, որ սա էլ ընդամենը չարյաց փոքրագույնն է, քանի որ աշխատող ուսանողները ներկայանում են դասերին գերհոգնած ու երբեմն էլ անուշադիր են»:
Օրինակ՝ արտասահմանյան զարգացած երկրներում ուսանողները ստանում են բարձր կրթաթոշակներ, ինչը թույլ է տալիս այդ ընթացքում մտածել միայն սովորելու մասին:
Գերմանիայում կրթաթոշակի չափը պայմանավորված է մի շարք գործոններով, սակայն հազվադեպ է գերազանցում 853 եվրոն: Այդ գումարը բավարարում է ուսանողին իր կարիքները հոգալու համար: Բայց ամեն տարի՝ ուսումնական տարվա վերջում, հանձնաժողովը ստուգում է ուսանողի առաջադիմությունը եւ որոշում կայացնում կրթաթոշակից զրկելու կամ այն ավելացնելու վերաբերյալ:
Իսկ ԱՄՆ-ում գոյություն ունի կրթաթոշակային երկու հայտնի ծրագիր՝ ակադեմիական եւ մարզական: Առաջինի հետ ամեն ինչ պարզ է. դրանք տրվում են նրանց, ովքեր հաջողության են հասնում ուսման մեջ: Իսկ երկրոդի դեպքում ուսանողներին մոտիվացնում են սպորտով զբաղվելու։ Սա պրոֆեսիոնալ մարզիկների պատրաստման ծրագրի մաս է։ Ի վերջո ամերիկացի ֆուտբոլիստների, բասկետբոլիստների եւ հոկեյիստների մեծ մասը հենց համալսարաններից եւ քոլեջներից հետո է գալիս մեծ սպորտ:
Չինաստանում կրթաթոշակը կախված է ուսանողի առաջադիմությունից, ինչը ստիպում է նրան ամբողջովին նվիրվել ուսմանը:
Դանիայում կառավարությունը տարեկան 1,4 միլիարդ եվրո է տրամադրում կրթաթոշակներին։ Սա 500 միլիոնով ավելի քիչ է, քան Գերմանիայում, բայց պետք է հաշվի առնել բնակչության թվերի տարբերությունը (Դանիայի բնակչությունը 16 անգամ պակաս է)։ Հատկանշական է, որ վճարումների չափը տատանվում է ըստ նրա՝ ուսանողն ապրում է ծնողների հետ, թե միայնակ է։ Միայնակ ապրող ուսանողները երկու անգամ ավելի բարձր կրթաթոշակ են ստանում: Եվս մեկ կարեւոր փաստ. պետությունից սուբսիդիաներ ստանալու դեպքում ուսանողն իրավունք չունի աշխատելու։
Թե որքանով է խանգարում ուսմանը աշխատանքը, պատմում են ուսանողները:
Լրագրող Էլենիտա Սարգսյանն ասում է. «Ես անվճար համակարգում եմ սովորել, հեշտ չէ եղել ուսումն ու աշխատանքը համատեղելը, մեկը մյուսին խանգարել են, որովհետեւ հնարավոր չէ հասցնել լիարժեք երկուսն էլ անել: Եթե կա ցանկություն, հնարավոր է համատեղել, բայց միայն վճարովի համակարգում սովորելու դեպքում:
Ինձ համար կարեւոր էր անվճար համակարգում մնալը: Երբ ռադիոյում մեկնաբան էի աշխատում, հասկացա, որ կկորցնեմ անվճար սովորելու հնարավորությունն ու դրա հետեւանքով աշխատավարձս ուսման վարձի վրա կծախսեմ: Մագիստրատուրայում արդեն սկսեցի աշխատել:
Սկզբում դժվարություններ կային, բայց դրանք հաղթահարելի էին: Եթե կա ձգտում, հնարավոր է հասցնել ամեն բան»:
Դիզայներ Լիանա Թամոյանը հիշում է, թե ինչպես էր շաբաթական 48 ժամ աշխատում ու միաժամանակ սովորում, նա նշում է, որ գերհոգնում էր, ու հիշում, որ անգամ նորմալ սնվելու ժամանակ չէր ունենում:
«Իրականում դժվարությունը եղել է նաեւ հոգեբանական եւ դժվարհաղթահարելի, որովհետեւ աշխատանքս ոչ մասնագիտական էր: Ես շատ խոր հիասթափությամբ էի գնում աշխատանքի, հետաքրքիր գրքեր էի գնում, որ համոզեմ ինձ, թե անիմաստ չէ իմ վաստակած գումարը, բայց արդյունքը նույնն էր` ես չէի ապրում իմ կյանքով, ես ես չէի։ Այդ ամենն ի վերջո ավարտվեց, երբ առաջարկ ստացա ու սկսեցի աշխատել իմ մասնագիտությամբ»,- հավելում է Լիանան։
Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Մարիամ Տիգրանյանը նշում է, որ ճիշտ կլիներ ուսանողներին աշխատանքի ընդունել կես դրույքաչափով, ինչը դրական ազդեցություն կունենար թե՛ նրանց ուսման, թե՛ աշխատանքի վրա: Նման կետ աշխատանքային օրենսգրքում դեռեւս չկա: