Օրերս հրապարակվեց մտավորականների հայտարարությունը։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց հորդորեց կարդալ Իսահակյանի հուշերից մի հատված, որտեղ նա պատմում է, թե որքան դառնացած էր Լեոն, երբ հիշում էր Առաջին համաշխարհային պատերազմը, հայ քաղաքական շրջանակների, մտավորականության խանդավառությունը, որ մեր ժողովրդին պատուհասած աղետի պատճառներից մեկն էր։
Մտավորականներն ընդվզեցին։ Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը «հիմնավորեց», որ 1994-ին մենք հաղթած կողմ էինք, մտավորականներն այլ բան չէին կարող ասել, իրենց ճիշտ չէին հասկանա։
Այսինքն, եթե ինքը Հայաստանի ոչ այնքան իշխանություններին, որքան հանրությանը հորդորեր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեզ համար բացարձակ հաղթական ելքով լուծում չունի, կենթարկվեր հանրային օստրակիզմի՞, դրա համար խուսափե՞լ է։ Հանուն ինչի՞։ Որպեսզի ժողովուրդն իրեն ճանաչի եւ հարգի որպես «հայրենասեր մտավորականի՞»։ Այդպես է հասկացվում։
Այս համեմատությամբ՝ հայ ոչ մի մտավորական, բացի նրանցից, որոնց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակային նշեց որպես ժողովրդին ԼՂ հարցով ճշմարտությունն ասածների, ասողների, Նիկոլ Փաշինյանին քննադատելու իրավունք չունի։ Փաշինյանն ինչո՞ւ պիտի «կրակը վերցներ իր վրա», եթե Հայաստանի մտավորականությունը, քաղաքական դասը գերազանցապես այն տրամադրությունն էր գեներացնում, որ «պատմական պատեհությունը չի կարելի ձեռքից տալ, հազար տարում հազիվ մի հաղթանակ ենք տարել, ինչո՞ւ զիջենք, երբ կարող ենք պահել»։
Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ասում է՝ Տեր-Պետրոսյանն էլ մտավորական է, իշխանություն ուներ, թող լուծեր հարցը։
Այսինքն՝ մեզ պետք է «կամիկաձե», Չարենցի «Մահվան տեսլիլի» հերոս, որ հանուն Հայրենիքի պատրաստ է կախվելու։ Բայց չէ՞ որ 2008 թվականին Տեր-Պետրոսյանը հենց «ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան» ծանր երդումով էր նախագահական մրցապայքար սկսել։
Ո՞վ կանգնեց նրա կողքին։ Ինչպես արեւմտահայերն են ասում՝ անցած ըլլա, իսկ այսօ՞ր։ Գոնե հիմա չի՞ կարելի խոստովանել, որ, մեղմ ասած, մեր հաշվարկներում սխալվել ենք։ Որ, գուցե, հնարավոր էր քառասունչորսօրյա պատերազմից ոչ այսքան ցավոտ հետեւանքներով դուրս գալ, բայց հաղթել այն իմաստով, ինչ երկու տասնամյակ ի վեր ներշնչել էինք, հնարավոր չէր։ Դա մտավորականության խնդիրը չէ՞։
Իսկ ո՞րն է մտավորականության խնդիրը։ «Աջակցել Արցախի Ազգային ժողովին, որ «Բռնազավթված տարածքների մասին» օրենք է ընդունել». բացատրում է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, մյուսներն էլ կրկնում են։ Իսկ թե գործնականում ինչ է տալիս «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, հոգ չէ, ոչ ոք այն, երեւի, չի էլ կարդացել։ Ի՞նչ կարիք կա։ Կարեւորն այն է, որ «հայրենասիրական» է։
Ահա աբսուրդը՝ «հայրենասիրական օրենք»։ Այսինքն՝ ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկն էլ օրենք կհեղինակի Թուրքիայի կողմից օկուպացված Արեւմտյան Հայաստանի մասին, Կիլիկիայի մասին, առհասարաակ «մեր հողերի մասին»։ Իսկ պատմական փաստը, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը 1920 թվականի օգոստոսի 10-ի ռուս-հայկական զինադադարի համաձայնագրով Հայաստանի կառավարությունը ճանաչել է Ռուսաստանի կողմից օկուպացված՝ շրջանցել։
Դա կապիտուլյացիա չէր, դրանք հայկական հողեր չէին, կարելի էր առանց մի կրակոցի հանձնել։ Եվ այսօր քաջություն չունենալ՝ Ռուսաստանի գիտական, հանրային-քաղաքական շրջանակներում բարձրաձայնելու, թե այդ ինչպես պատահեց, որ Հայաստանի անկախ հանրապետությունից օկուպացված Լեռնային Ղարաբաղը, որի կարգավիճակը պետք է որոշվեր ռուս-հայկական բանակցություններով, 1921-ի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի որոշմամբ «թողնվեց Ադրբեջանի կազմում»։
Բայց դրանից առաջ պետք է կարողանաս մի հարցի պատասխանել՝ իսկ ինչո՞ւ ռուս-հայկական բանակցությունները նույն 1920 թվականին ձախողվեցին։
Պատասխանը տվել է Ռուսաստանի հետ բանակցություններում Հայաստանի պատվիրակության ղեկավար (ինչպիսի մեծամտություն՝ Մոսկվա գործուղել ոչ թե արտաքին գործերի կամ ռազմական նախարարին, այլ խորհրդարանի պատգամավորի) Լեւոն Շանթը․ «Ականջներս Փարիզի վրա էր»։
Սպասում էին, որ պատերազմում հաղթած երկրներն իրենց «կրտսեր դաշնակից» Հայաստանին կտան ոչ միայն «վեց վիլայեթները, այլեւ դրանց անբաժանելի մաս Կիլիկիան»։ Ստացան թուրք-հայկական պատերազմ եւ Ալեքսանդրապոլի պայմանագիր։
Ուղիղ հարյուր տարի հետո՝ 2020-ի ամռանը, դեռ պատերազմից խուսափելու հնարավորություն կար։ Մտավորականությունը, սակայն, կազմակերպեց (ամենայն հավանականությամբ՝ իշխանությունների հրահանգ-հովանավորությամբ) Սեւրի պայմանագրի 100-ամյակի գիտաժողով։ Ընդ որում՝ դա ոչ թե գիտական, այլ քաղաքական միջոցառում էր։
Եվ ի՞նչ։
ԼՂ հարցը լուծել, անցնում էինք Թուրքիայի դեմ արշավի՞։ Ստացանք քառասունչորսօրյա պատերազմ, աղետ։ Այսօր մտավորականության առաքելությունը մեկը պիտի լինի՝ աջակցել, որ ժողովուրդը հաղթահարի ֆրուստրացիան, վերադառնա բնականոն կյանքի, կազմակերպվի եւ վերակազմակերպի պետական ինստիտուտները։ Մտավորականությունը վերստին մտահոգված է «հայրենասերի» իր վարկանիշի պահպանմամբ։ Հայրենիքի մասին թող մտածեն ուրիշնե՞րը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։