Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Ղրիմի եւ Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցը քննարկելու եւ այդ տարածքներում մարդկանց հետագա բնակության վերաբերյալ փոխզիջման տարբերակներ գտնելու հնարավորության մասին:
Խոսելով անվտանգության երաշխիքների մասին, Զելենսկին ասել է, որ Կիեւն ու Մոսկվան կարող են ժամանակավորապես բռնազավթված տարածքներին եւ չճանաչված հանրապետություններին, որոնք Ռուսաստանից բացի ոչ ոք չի ճանաչել, այդ կեղծ հանրապետություններին առնչվող հարցեր քննարկել:
«Մենք կարող ենք քննարկել ու փոխզիջում գտնել՝ ինչպես են այդ տարածքներում ապրելու մարդիկ, որոնք ուզում են Ուկրաինայի մի մասը լինել: Ուկրաինայում ո՞վ կարող է ասել, թե կուզեն ընդունել նրանց»: Ուկրաինայի նախագահն ասել է, որ հարցն ավելի բարդ է, քան սոսկ ճանաչումը: Վլադիմիր Զելենսկին նշել է, թե դա հերթական ուլտիմատում է: «Մենք պատրաստ չենք ուլտիմատում ընդունելու»: Ըստ Զելենսկու՝ միակ անհրաժեշտ բանն այն է, որ Պուտինը սկսի խոսել, բանակցել, «քան շարունակել մնալ թթվածնից զուրկ տեղեկատվական պղպջակում»:
Խաղաղության բանակցությունների շուրջ
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ինքը պատրաստ է երկխոսության: «Բայց մենք պատրաստ չենք կապիտուլիացիայի, որովհետեւ այդ հարցն իմ մասին չէ: Այդ հարցն առնչվում է մարդկանց, որոնք ինձ ընտրել են»,-շեշտել է Զելենսկին:
Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մասին
Զելենսկին ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին վաղուց են խոսել: «Մենք հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային»: Դաշինքն, ըստ Զելոնսկու, վախենում է Ռուսաստանի հետ հակասություններից եւ առճակատումից: «Ես չեմ ուզում, որ Ուկրաինան լինի այդ երկիրը, իսկ ես այդ նախագահը, որ ծնկի իջած որեւէ բան խնդրենք»,– շեշտել է Զելենսկին։