․․․հուսալով լսել կարճ հաղորդագրություն. «Մենք ողջ ենք»

aliq
Ukraine humans

ՌՈՍՏԻՍԼԱՎ

Ես Ռոստիսլավ Նիկիտենկոն եմ: Մասնագիտությամբ իրավաբան եմ, Ուկրաինայի իրավաբանների ասոցիացիայի միջազգային իրավունքի կոմիտեի անդամ: Պատերազմի սկզբում ընտանիքիս հետ Չերկասիում էի, որտեղ էլ գտնվում ենք մինչեւ հիմա:

Հենց սկզբից սկսեցի օգնել Սումիից ու Խարկովից եկած միգրանտներին՝ համագործակցելով Արեւմտյան Ուկրաինայի այլ քաղաքների (Լվով, Իվանո-Ֆրանկիվսկ, Ռիվնե) իմ գործընկերների ու աշխատակիցների հետ, որոնք նույնպես օգնում էին միգրանտներին բնակության վայրի, դեղամիջոցների, սննդի, հագուստի ապահովման եւ շատ այլ հարցերով: Նաեւ ակտիվորեն աջակցում ենք Չերկասիի եւ Կիեւի տարածքային պաշտպանությանը՝ ուղարկելով անհրաժեշտ ապրանքներ, որոնց ցանկը ստանում ենք ամեն օր:

Զուգահեռաբար հանգանակություն ենք կատարել ԵՄ-ում բնակվող մեր գործընկերների, ընկերների ու ծանոթների միջոցով: Մեկ օրում մեզ հաջողվեց հավաքել ավելի քան հարյուր հազար եվրո, որը տրամադրվելու է ուկրաինական նավատորմին, բանակին ու կամավորներին:

Պետք է շարունակենք աշխատել:

Ես շարունակում եմ աջակցել մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն, եւ ոչ մի տեղ չեմ գնալու այստեղից։

Միասին մենք կհաղթենք…🇺🇦

* * *

dog

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Մենք ցանկանում ենք դադարեցնել պատերազմը մեր երկրում: Սարսափելի է առավոտյան ժամը հինգին արթնանալ ռումբերի ձայնից: Մեր ողջ օրն անցնում է ռմբապաստարանում: Այստեղ բազմաթիվ մարդիկ կան, շներ ու կատուներ եւ անգամ երկու ամսական մի երեխա։ Այս ամենը պարզապես զարհուրելի է: Խնդրում եմ, դադարեցրե՛ք պատերազմը 🙏🏻🇺🇦

* * *

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏ

Հումանիտար աղետի շեմին: Չկան սնունդ, դեղորայք ու վառելիք: Հիվանդանոցը տուժել է կրակոցներից եւ չի գործում։ Բանկոմատները նույնպես չեն աշխատում: Չկա խմելու ջուր: Նկարում խմելու ջրի հերթն է:

water
general
Ira

ԻՐԱ, 26 տարեկան

Պատերազմի նախօրեին սրտի կաթվածով (ինսուլտ) հայտնվեցի հիվանդանոցում։ Երբ պատերազմը սկսվեց, բոլոր հիվանդներին, որոնք կարողանում էին քայլել (այդ թվում՝ ինձ), խնդրեցին տուն գնալ, որ տեղ ազատվի ուկրաինացի վիրավոր զինվորների համար: Այսօր կրկին սրտի կաթված ստացա, քանի որ ապրում եմ սթրեսի ու վտանգի մեջ: Հիմա ինձ անհրաժեշտ է հիվանդանոցում շտապ բուժում ստանալ, բայց պատուհանիցս կործանիչներ եմ տեսնում: Եթե հիմա օդային տագնապ լինի կամ հարձակում, վազելու եւ թաքնվելու ուժ պարզապես չեմ ունենա:

* * *

ՄԱՐԻԱ

Խարկովում հանգիստ երեկո էր: Պայթյուններն ու ռմբակոծությունները գրեթե դադարեցին, սակայն կեսգիշերին քաղաքի տարբեր հատվածներում նորից պայթյուններ հնչեցին։ Երեկոյան ժամը 10-ին օդային մի քանի հարձակում եղավ։  Հայտնի է, որ վերջին օրվա ընթացքում մի քանի արկ հարվածել է ինչպես բարձրահարկ բնակելի շենքերին, այնպես էլ առանձնատներին: 16։00-ից մինչեւ 18։00-ն պարետային ժամեր են սահմանվել։

Սնունդն առաքվում է մետրոյում գտնվող ապաստարաններ: Կան բժշկական ապրանքների ապահովման խնդիրներ, հատկապես փոքր երեխաներ ունեցողները կարիք ունեն մանկական սննդի, տակդիրների եւ այլն։ Կամավորներն աշխատում են ջանասիրաբար:

Մարիա, 25 տարեկան, Խարկով
Մետրոյի նկարը՝ Վալերիա Բոդնարի, Խարկով

Maria Kharkov

* * *

Oleksandr

ՕԼԵՔՍԱՆԴՐ, 31 տարեկան

Փետրվարի 28, Կիեւ, Ուկրաինա

«Մարդիկ ավելի փոքր են, քան մանր փոշին պատմության ջրաղացի քարերում»: Այս արտահայտությունը, որը պատմության փիլիսոփայության իմ համալսարանական դասընթացից է, բառացի իմաստավորվում է հենց հիմա, երբ գտնվում եմ Կիեւի ծայրամասի մի նկուղում օդային հարձակման եւս մեկ նախազգուշացումից հետո:

Պատմական նշանակալից իրադարձությունները հետաքրքիր են, եթե կարդում ես դասագրքերում, եւ ես անկեղծորեն ցանկանում եմ, որ դրանք ուսումնասիրեք միայն արտաքին աղբյուրներից։ Որովհետեւ լինել պատմության էպիկենտրոնում, նշանակում է անհանգստացած զանգահարել հարազատներին եւ ընկերներին` հուսալով լսել կարճ հաղորդագրություն. «Մենք ողջ ենք»:

Զորքերի տեղաշարժերը եւ մարտերի ​տարեթվերը, որոնք այդքան կարեւոր էին համալսարանական քննությունների ժամանակ, իրականում դատարկաբանություն են: Դրանց հետեւում հարյուրհազարավոր հաշմանդամ մարդկանց ճակատագրեր են, որոնք պատերազմի իրական պատմությունն են կերտում։

Որքան կուզենայի հետ գնալ անցյալ ու համոզել ինձ ավելի լուրջ վերաբերվել օդում առկա պատերազմի սպառնալիքին եւ լուրերին։ Ես դա համարում էի անհեթեթություն: Երբեւէ չէի հավատա, որ մի օր առավոտն անցկացնելու էի մոտակայքում ռմբապաստարան փնտրելով: Չէի հավատա, որ պաշտպանության կամավոր ջոկատին հերթագրվելու կգնամ: Կտեսնեմ այս իրարանցումը զենքի ու զինամթերքի պակասի պատճառով, պահեստային ցուցակներն ու առաջ շարժվող ռուսական բանակը։

Թող այս ամենը ձեզ հիմա անկարեւոր չթվա: Անձնական անվտանգությունը, առաջին բժշկական ցուցումները, ռումբերի ապաստարաներն այս պահին փրկում են իմ հայրենակիցների կյանքերը: Ահա թե ինչ է կանգնած պատմական տարեթվերի հետեւում. ինչպես էներգիա հավաքել գիշերը երկու ժամ քնելով, ինչպես տարբերել ընկերներին անծանոթներից, ինչպես գնդացիրների կրակի ձայներից վախից չթմրել եւ, ամենակարեւորը, չխենթանալ անհանգստությունից եւ անզորությունից:

Եթե ռուսական բանակի հարձակման առաջին չորս օրերին թվարկածս առաջին կետերին արդեն վարժվել եմ, ապա այս պահին հաղթահարում եմ վերջինը՝ թղթի վրա փաստագրելով այն ամենն, ինչ զգում եմ։ Դժվար է նկարագրել այրված տանկերի շարքերը իմ տնից դեպի լողափ ճանապարհին, ֆուտբոլի դաշտի դիմացի հրդեհված տունը, պաշարված Կիեւի հյուսիսային մասում գտնվող իմ խանութի դատարկ դարակները։

Բայց ես կարող եմ արձանագրել իմ ժողովրդի վճռականությունը՝ ամեն կերպ պայքարելու արտաքին ագրեսիայի դեմ, սխրանքը մեր բանակի, որը պաշտպանում է ինձ ու իմ ընտանիքը, կառավարության խիզախությունը, որը հույս է ներշնչում, եւ մահվանը դիմակայող ընտանիքիս ուժը: Ահա թե ինչ պետք է գրվի վերածնվող երկրի պատմության նոր գրքերում, եւ այն, ինչ դուք պետք է իմանաք ստեղծվող նոր աշխարհի պատմության մասին: