Մարտի 7-ին Ադրբեջանը հայտարարեց, որ «բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել, եւ որ, չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին»: Եվ անմիջապես կրակեց հայաստանցի զինծառայողներից երկուսի վրա։ Մեկը մահացավ:
Ինչո՞ւ է այսպես վարվում Ադրբեջանը: Բանն այն է, որ դրանից մեկ օր առաջ հարցին, թե «կողջունի՞ Բայդենը իրանական նավթի մուտքը Միացյալ Նահանգներ», Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին պատասխանել է. «ԱՄՆ-ը մոտ է գործարքին»: Ադրբեջանի համար այս հայտարարությունը պարզ երկնքում ամպրոպի նշանակություն ունի։ Տարածաշրջանում մեծանում է Հայաստանի դերը: Ադրբեջանական նավթը իրանականի լուրջ մրցակից է եւ նույնիսկ վերջին երկու տասնամյակում շահեկան դիրքում է եղել Իրանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների պատճառով։
Նավթային աշխարհում Արեւմուտքի հետ հարաբերություններում Իրանի նոր խաղացող դառնալը մեխանիկորեն անդրադառնում է Հայաստանի՝ որպես Հարավ-հյուսիս ճանապարհի հիմնական հանգուցային երկրի անվտանգության կարեւորման վրա: Ադրբեջանը կորցնում է այնպիսի խաղաքարտ, ինչպիսին նավթով իշխանություն պահելն է, հետեւաբար նա պետք է արագացնի խաղաղության պայմանագիրը։ Այսինքն՝ Ղարաբաղի չգրաված հատվածը պետք է «գրավի» խաղաղության պայմանագրով։
Վերջին երկու օրվա կրակոցներն Ադրբեջանն արձակեց՝ նախապես հայտարարելով, որ Հայաստանի կողմից սադրանք է եղել։ Ինչո՞ւ է հայտարարում։ Որպեսզի ԱՄՆ-ին ցույց տա, որ այստեղ չլուծված հարց կա, ու առանց դրա ավելի մեծ ծրագրերից հնարավոր չէ խոսել, Հայաստանը էներգակիրների տարանցիկ երթուղի դիտարկելը վաղաժամ է։
Ադրբեջանն այս կրակոցներով նաեւ խիստ մասնավոր հարց է լուծում, հիմա ոչ մեկը հայ-ադրբեջանական հակամարտության հավեսը չունի, «ուղղակի չմոռանանք, որ դելիմիտացիայի հարց այստեղ էլ կա»։ Ադրբեջանն օգտվում է իրավիճակից։ Եվ գուցե, ըստ Ադրբեջանի, կարելի է աչք փակել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրաձգությունների վրա, քանի դեռ Ուկրաինայում պատերազմ է։
Ալիեւը կշարունակի կրակոցներով պնդել, որ Հայաստանի հետ երկխոսությունն ավարտված չէ։ Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում, երբ աշխարհի աչքն ուղղված է այլ կողմ։ Ընդամենը երկու օրից Անթալիա է մեկնելու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մասնակցելու դիվանագիտական համաժողովին։ Թուրքիան այստեղ Հայաստանի հետ կխոսի նաեւ ադրբեջանական օրակարգով, եւ Ադրբեջանի կրակոցները, ըստ տրամաբանության, Հայաստանին «կօգնեն» անհամբեր սկսելու այդ խոսակցությունը։
Պարզ է, չէ՞, որ Հայաստանն Անթալիայում իր անելիքը գիտի կամ պիտի որ իմանա։ Իսկ իմանալ այս դեպքում նշանակում է, որ Թուրքիան խոսելու է ոչ միայն իր փոքր եղբոր հակառակորդի, այլեւ իր ապագա գործընկերոջ հետ։ Մնացածն իրենք գիտեն։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: