Առողջապահության նախարարության մշակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը նախորդ շաբաթ բավական բուռն քննարկումների եւ տարատեսակ կատակների առիթ դարձավ: Հիշեցնենք, նախարարությունը, հաշվի առնելով աղի վնասակար հետեւանքները, առաջարկում է օրենսդրությամբ արգելել հանրային սննդի օբյեկտներում առանց հաճախորդի պահանջի սեղաններին աղաման դնելը:
Նախարարությունն այս օրինագիծը հիմնավորել է, թե ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը: Մինչդեռ Հայաստանում աղի օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած շեմը: Առաջարկվում է օրենքը խախտող տնտեսվարողներին տուգանել 30 հազար դրամի չափով:
Մի կողմ թողնենք օրինագծի հիմնավորումները, աղի՝ չափից շատ օգտագործելու հնարավոր վնասակար հետեւանքները մարդու առողջության վրա. սա նեղ մասնագիտական քննարկումների թեմա է, հետեւաբար՝ առողջապահության ոլորտի պատասխանատուների խնդիրը: Նաեւ մի կողմ դնենք այն հանգամանքը, թե որքանով այս նախագիծը կլուծի իր առջեւ դրված խնդիրները եւ որքանով կօգնի, որ մարդիկ սկսեն ավելի քիչ աղ օգտագործել:
Ընդհանրապես կգործի՞ մեզանում այդ օրենքը, թե՞ ոչ: Այստեղ է, որ լուրջ կասկածներ կան: Ու հարցը միայն այն չէ, որ շատերը կփորձեն տարբերակներ փնտրել նաեւ այս օրենքը շրջանցելու համար: Ավելի կարեւոր է, թե իրենք՝ պետական կառույցները, որքանով հետամուտ կլինեն այդ օրենքի կիրառմանը:
Մենք շարունակաբար ականատես ենք եղել միանգամայն հակառակ երեւույթի, երբ պետական կառույցները, որ կոչված են հետեւելու իրավական ակտերի կատարմանը, բացարձակ անգործության են մատնված:
Հիշենք, օրինակ, փակ վայրերում պարտադիր դիմակ կրելու պահանջը, որն այդպես էլ հասարակության մեծամասնությունը տեւական ժամանակ չէր պահպանում: Իրավասու կառույցները՝ ոստիկանությունը, զանազան տեսչական մարմինները, որեւէ քայլ արեցի՞ն ստիպելու կամ գոնե հորդորելու քաղաքացիներին, որ դիմակներ կրեն: Իհարկե, ոչ:
Հիմա նույն վիճակն է՝ հակահամաճարակային մեկ այլ կարգավորման առնչությամբ. խոսքը հանրային վայրեր այցելելիս քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով թույլատրելու մասին է: Բացի առաջին մեկ-երկու շաբաթներից՝ համապատասխան կառույցները չեն հետեւում նաեւ այս պահանջի պահպանմանը. հատուկենտ դեպքերում կարելի է տեսնել, որ հանրային վայրերում քաղաքացիներից պատվաստման հավաստագիր պահանջեն:
Դժվար չէ ենթադրել, որ նույնը կլինի այս դեպքում։ Եթե նախագիծն օրենքի տեսք ստանա. մի քանի օր տեսչական մարմիններն ու ոստիկանությունը տեսախցիկների ուղեկցությամբ կշրջեն հանրային սննդի օբյեկտներում, ստուգումներ կանցկացնեն, խախտումների դեպքում՝ համապատասխան ակտ կկազմեն եւ վերջ: Մեկ-երկու շաբաթ անց կրկին նույն պատկերը կլինի: Բոլորը կմոռանան օրենսդրական կարգավորման մասին ու կապրեն առաջվա պես:
Այնպես որ եթե իշխանության թեւերը չունեն համապատասխան իրավական կարգավորման մեխանիզմներ ու քաղաքական կամք, միգուցե հարկավոր է մտածել խնդիրներն այլ կերպ լուծելու մասին: Թեկուզ, օրինակ, բացատրական աշխատանք տանել, մարդկանց առողջ ապրելակերպ քարոզել:
Ամեն դեպքում արդեն որերորդ դեպքն է՝ առողջապահության նախարարությունը մենակ է մնացել իր գործողություններում. կառույցները, որոնք պետք է օգնեին, չեն գործում:
Հայաստանում տեւական ժամանակ է` պետական համակարգը պարզապես ջախջախված է, չի աշխատում, եւ գլխավոր պատասխանատուներն էլ չեն փորձում այն աշխատեցնել:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: