Ըստ իռլանդական Irish Times-ի՝ Միավորված ազգերի կազմակերպությունն իր աշխատակիցներին իբր արգելել է Ուկրաինայի «ապառազմականացմանն» ուղղված Ռուսաստանի գործողությունները «պատերազմ» կամ «ներխուժում» անվանել։ Համապատասխան հրահանգն, ըստ պարբերականի, եղել է էլեկտրոնային նամակում, որը մարտի 7-ին ուղարկել է ՄԱԿ-ի հաղորդակցությունների բաժինը։
Արձագանքելով պարբերականի հրապարակած տեղեկությանը՝ ՄԱԿ-ում հայտարարել են, որ իրենց աշխատակիցներին ամենեւին էլ չեն արգելել Ուկրաինայում ընթացող պատերազմը «պատերազմ» անվանել:
«Սա ուղղակի այն դեպքը չէ, երբ աշխատակիցներին ցուցում է տրվում չգործածել «պատերազմ» կամ «ներխուժում» եզրույթները»,- բրիտանական The Guardian-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Վերջինս հավելել է, որ խոսքը՝ ցանկացած հայտարարություն ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշմանը համապատասխանեցնելու մասին է:
Դյուժարիկը նշել է, որ գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն վերջերս «պատերազմ» եզրույթը գործածել է իր թվիթերյան գրառման մեջ: «Սա անիմաստ պատերազմ է»,- գրել էր ԴիԿարլոն: