ՀՀ ԱԺ–ն վավերացրել է Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 71 միլիոն դոլարի վարկ ստանալու վերաբերյալ համաձայնագիրը։
Ըստ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանի՝ Հայաստանի եւ ԱՄՀ–ի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է դեռեւս հունվարին։ Փաստաթղթի համաձայն` ԱՄՀ-ն Հայաստանին նախկինում ստորագրած ծրագրի շրջանակում 51,43 միլիոն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) կհատկացնի։ Ներկայիս փոխարժեքով 1 ՀՓԻ–ն մոտ 1,38 դոլար է։
«Հայաստանին 180 միլիոն ՀՓԻ փոխանցելու եռամյա ծրագիրը հաստատվել էր դեռեւ 2019-ի մայիսին»,– նշել է Հովհաննիսյանը։
Ի սկզբանե նախագիծն ուղղված էր կառուցվածքային բարեփոխումների անցկացմանը, սակայն կորոնավիրուսի պատճառով որոշվել էր երեք տրանշերից առաջինն ուղղել համավարակի հետեւանքների հաղթահարմանը, ինչպես նաեւ 128 միլիոն ՀՓԻ-ի չափով լրացուցիչ միջոցներ ներգրավել։
Բյուջեի դեֆիցիտի առնչությամբ որոշվել է միջոցների մի մասն ուղղել պակասուրդը ծածկելուն։
Փոխնախարարը նշել է, որ նախագծի 7-րդ վերանայումից հետո Հայաստանը եւս 25 միլիոն ՀՓԻ պետք է ստանա։
2022 թվականի ՀՀ բյուջեի դեֆիցիտը կազմում է շուրջ 490 միլիոն դոլար։