Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժողովի ընթացքում նախագահ Էրդողանն իր ելույթում քննադատել է Սիրիայում մարդկային ողբերգության նկատմամբ լուռ ու անտարբեր մնացած Արեւմուտքին, հայտնում է Sabah օրաթերթը։
«Մեր հարեւան Սիրիայում շուրջ մեկ միլիոն մարդու կյանքը խլած ճգնաժամը դեռ շարունակվում է։ Բոլորդ էլ շատ լավ գիտեք, թե ովքեր են այս ճգնաժամի հիմնական դերակատարները։ Լիբանանից մինչեւ Իրաք, Աֆղանստանից մինչեւ Լիբիա՝ ամենուրեք արյուն, արցունք, հակամարտություն։ Որտեղ նայում ես, մի բուռ փոքրամասնության փառասիրության պատճառով անմեղ մարդիկ են զոհվում»։
«Կառույցները, որոնց պարտքն է պահպանել համաշխարհային անվտանգությունը, ցավալիորեն ոչինչ չեն ձեռնարկում։ Որտե՞ղ են այդ երկրները, որ իրենց հզոր պետություններ են համարում։ Միայն տեղը տեղին խրատներ են տալիս։ Ոչ մի մարդասիրական օգնություն չկա։ Հանուն փրկության ոչ մի քայլ չկա։ Իրենց շահերի համար ողջ աշխարհը ոտքի հանող պետություններն արդեն 11 տարի է՝ մեր տարածաշրջանում տեղի ունեցող կոտորածին միայն հեռվից նայում են։ Հարուստ համարվող երկրները դատապարտման հաղորդագրություններից բացի ոչինչ չեն անում։ Փորձեցին մեր պետության գործողությունները սահմանափակել։ Ու այս գործընթացում մենք ոչ միայն միայնակ մնացինք, այլնաեւ ստացանք բաց կամ փակ սպառնալիքներ ու պատժամիջոցներ»։
«Գերմանիայում նվագախմբի ղեկավարին ազատեցին աշխատանքից, զուտ որովհետեւ Պուտինի ընկերն է։ Սա անհեթեթությո՞ւն չէ։ Դոստոեւսկիի ստեղծագործությունների վրա արգելք են դնում։ Սա անհեթեթությո՞ւն չէ։ Ինչո՞վ է սա տարբերվում Բաղդադի գրադարաններն այրող ու ոչնչացնող Հուլաղու խանի գործողություններից։ Հակամարտության առաջին իսկ օրից մենք սթափ ենք գործել։ Մեր պետության դռները բաց ենք պահել բոլորի համար՝ անկախ լեզվի, մաշկի գույնի տարբերությունից։ Աչքերի գույնին չենք նայել։ Սա ի՞նչ անհեթեթություն է»։
Անդրադառնալով մարտի 10-ին Անթալիայում Ռուսաստանի ու Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ Էրդողանը հույս է հայտնել, որ սա կլինի երկարատեւ հրադադարին տանող իրադարձություն․ «Ողջունում ենք նաեւ տարհանման նպատակով հայտարարված զինադադարի նախաձեռնությունը։ Թուրքիա մուտք գործած օտարերկրացիների թիվն արդեն մոտենում է 20 հազարին։ Մինչ օրս Ուկրաինա ուղարկել ենք 23 բեռնատար օգնություն։ Առաջիկա օրերին Ուկրաինա ուղարկվող բեռնատարների թիվը կհասնի 39-ի»։
Թուրքիայի նախագահը նշել է նաեւ առաջիկա օրերին սպասվող պաշտոնական հանդիպումների ցանկը․ «Այսօր Իսրայելի նախագահին ենք ընդունելու, վաղը հյուրընկալելու ենք Ադրբեջանի նախագահին, մարտի 13-ին Թուրքիա կայցելի Հունաստանի վարչապետը։ Անթալիայում նույնպես նախատեսվում է մի շարք ղեկավարների հետ հանդիպումներ անցկացնել»։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը