Ըստ «Արմենպրես»-ի՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները մարտի 9-ի առավոտից սկսել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները: Դրանից հետո կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները:
Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը հայտնել է, թե ռուս խաղաղապահների հետ բանակցությունները, կարծես, արդյունք են տվել, եւ հիմա սակրավորները դեպքի վայրում են՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
«Արցախգազ» ընկերությունից հայտնել էին, որ մարտի 8-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հաղորդագրություն էին տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքները: