ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը գլխավոր զինվորական դատախազությանը հանձնարարել է ստուգումներ սկսել ու պարզել՝ ինչպես են ժամկետային զինծառայողները ներգրավվել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեջ:
Ըստ Պեսկովի՝ Պուտինին զեկուցվել է, որ նրա հրահանգը կատարվել է, այն է՝ կտրականապես բացառել ժամկետային զինծառայողների ներգրավումը Ուկրաինայում խնդիրների կատարման համար:
«ՌԴ նախագահի հանձնարարությամբ գլխավոր զինվորական դատախազություն են ուղարկվել նյութեր` այդ ցուցումը չկատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու եւ նրանց պատժելու նպատակով»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ ժամկետային զինծառայողներն ու պահեստազորայինները չեն մասնակցում Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությանը եւ չեն էլ մասնակցելու։ Սակայն այսօր ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ռուսական զորամասերում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ժամկետային զինծառայողների ներկայության մի քանի փաստեր են հայտնաբերվել:
ՌԴ պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը մարտի 9-ին պարզաբանել է, որ գրեթե բոլոր ժամկետային զինծառայողներն արդեն տեղափոխվել են ռուսական տարածք։