Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունների ղեկավարները հայտարարել են, որ ի հեճուկս միջազգային պատժամիջոցների հետեւանքով առաջացած ռազմական անհաջողությունների եւ տնտեսական դժվարությունների՝ Վլադիմիր Պուտինը կարող է սաստկացնել իր հարձակումները Ուկրաինայում:
«Մեր վերլուծաբանները կարծում են, որ Պուտինին դժվար թե զսպեն նման անհաջողությունները, եւ որ նա կարող է սրել իրադրությունը»,- միջազգային սպառնալիքների հարցերով Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի ամենամյա լսումների ժամանակ ասել է Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:
Ռուսաստանի միջուկային քաղաքականության մեջ փոփոխություններ չեն նկատել
Ըստ Հեյնսի՝ այսքան բարձր լարվածության դեպքում միշտ կա չկանխամտածված սրման ներուժ: Նա հայտարարել է, որ հետախուզական մարմինների վերլուծաբանները չեն նկատել փոփոխություններ Ռուսաստանի միջուկային քաղաքականության մեջ՝ չհաշված նախորդ միջազգային ճգնաժամերի ժամանակ հայտնաբերված փոփոխությունները։
«Կարծում եմ՝ Պուտինն այժմ զայրացած է եւ վրդովված։ Նա հավանաբար կկրկնապատկի ջանքերը եւ կփորձի ջախջախել ուկրաինական բանակը՝ հաշվի չառնելով քաղաքացիական զոհերի թիվը»,- ասել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն հետախուզական տեղեկություններ է փոխանակում Ուկրաինայի հետ։
Բերնսը նաեւ հայտարարել է, որ ինքը եւ ԿՀՎ վերլուծաբանները չեն պատկերացնում՝ ինչպես է Պուտինը հասնելու իր նպատակներին՝ գրավել Կիեւը եւ Վլադիմիր Զելենսկու կառավարությունը փոխարինել մոսկվամետ խամաճիկ ղեկավարությամբ։
Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ գեներալ Սքոթ Բերիերը նշել է, որ, նախնական գնահատականներով, մինչ օրս Ուկրաինա ներխուժման ժամանակ սպանված ռուս զինվորականների թիվը կարող է լինել 2000-ից մինչեւ 4000: