Չէինք հավատում, որ սա կարող էր տեղի ունենալ

aliq
Ukraine humans

ՀՈՒՍՈՎ ԵՆՔ՝ ՄԵԶ ԿՕԳՆԵՔ

Սիրելի՛ ընկերներ

Շնորհակալ ենք ձեր կարեկցող եւ աջակցող նամակների համար, դրանք մեզ մեծ հույս են տալիս: Երախտապարտ ենք վստահելի գործընկեր լինելու համար: Մեր երկրում տեղի ունեցածը մեծագույն աղետ է: Ռուսաստանի Դաշնությունը լայնածավալ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Ահազանգերի ձայնը սավառնում է Ուկրաինայի քաղաքներում, ընտանիքները թաքնվում են ապաստարաններում, քանի որ թշնամու բանակը թիրախավորում է ինչպես զինվորականներին, այնպես էլ քաղաքացիական անձանց:

Նույնիսկ ամենադժվար ժամանակներում ուկրաինացիները միշտ եղել են միասնական եւ ուժեղ: Այդպիսին են նաեւ այսօր՝ կռվելով թշնամու դեմ, մնալով հանգիստ եւ անկոտրում, միանալով տեղական ռազմական խմբերին՝ պաշտպանելու մեր քաղաքները, հավաքելով ուկրաինական բանակի համար սննդամթերք եւ դեղորայք, օգնելով միմյանց բոլոր հնարավոր ձեւերով, տարածելով իրական եւ ստուգված տեղեկություններ ռուս ագրեսորի վայրագությունների եւ հանցագործությունների մասին (օրինակ՝ բնակելի տների, մանկապարտեզների ռմբակոծումների, Չեռնոբիլի ատոմակայանի գրավման, Վլադիմիր Պուտինի՝ իր երկրի միջուկային ուժերը «հատուկ» պատրաստության ռեժիմի բերելու եւ այլնի):

Մենք մեզ ուժեղ ենք զգում, քանի որ ճշմարտությունը մեր կողմն է: Ի վերջո պայքարում ենք մեր հողի, Եվրոպայի ու ողջ աշխարհի խաղաղության եւ անվտանգության համար։

Շնորհակալություն ճշմարտությունը բարձրաձայնելու եւ մեզ ուժ տալու համար:

Այս հղումով կարող եք գտնել մի քանի տեղեկություն մեզ լրացուցիչ աջակցություն տրամադրելու համար:

Սպասում ենք ձեր աջակցությանը:

* * *

ՕԼԵՆԱ

Ես Օլենան եմ, ապրում եմ Լվովում՝ Ուկրաինայում: Հիմա ես ու տղաս մեկնել ենք Լեհաստան, քանի որ ամուսինս պնդում էր, որ երեխային անհրաժեշտ է  տեղափոխել ապահով վայր։

Ստորեւ կտեսնեք տեղեկություններ իմ ընկերների մասին, որոնք Լվովում են:

ԼՎՈՎԻ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՅԱՐԱՆ

Լվով, երկաթգծի կայարան: Հազարավոր կանայք նորածինների ու երեխաների հետ ժամանում են այստեղ:  Նրանք փախչում են Ուկրաինայի տարբեր քաղաքներում ռուսական բանակի ռմբակոծությունից: Մեծամասնությունը սպասում է Լեհաստան ուղեւորվող գնացքներին: Նրանց թիվն այստեղ հասնում է հազարների: Երեկ Լվովում ջերմաստիճանը զրոյից ցածր է եղել, եւ ձյուն է տեղացել:

Փակե՛ք Ուկրաինայի երկինքը: Օգնե՛ք դադարեցնելու ուկրաինացի երեխաների տառապանքը:

02.28.2022
Նկարներն արվել են հիմա, տեսագրությունը՝ երեկ գիշերը

general
kiev

ՑՈՒՐՏ ՆԿՈՒՂ

Երեկ ես, տղաս եւ մայրիկս հինգ ժամ շատ սառը նկուղում էինք։ Այսօր որդիս հիվանդ է: Երկու օր առաջ ստիպված էի հեռանալ Կիեւի այս ապաստարանից, որտեղ քնում էին երեխաները, որոնցից ամենափոքրն ինն ամսական էր։

* * *

ՋՈՒԼԻԱ

Ողջույն

Ես Ջուլիան եմ, ապրում եմ Խարկովում:

Փետրվարի 24-ի առավոտյան ժամը 5-ին արթնացա կրակոցներից եւ պայթյուններից։ Ընկերոջս հետ հասկացանք, որ պատերազմը սկսվել է։ Ահավոր էր: Մենք չէինք հավատում: Ես անմիջապես գրեցի մորս ու նրան ուղարկեցի պայթյունների տեսագրությունը։ Հետո գրեցի ընկերոջս, որն ապրում է Մոսկվայում: Ոչ մեկս չէր հավատում, որ նման բան կարող էր տեղի ունենալ, այս ամենը մեզ կատարյալ անհեթեթություն էր թվում: Ընկերությունը, որտեղ աշխատում է ընկերս, արագ տարհանում կազմակերպեց Լվով։ Հավաքեցինք ամենաանհրաժեշտ իրերն ու գնացինք: Մենք թողեցինք մեր տունը։ Ու ամենայն հավանականությամբ էլ չենք վերադառնա, քանի որ մեր տան մոտ արկ է պայթել։

Ինչո՞ւ մենք պիտի տանջվենք:

Ինչո՞ւ նման գին պետք է վճարի Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար:

Խնդրում եմ, օգնե՛ք մեզ 💙💛

Փառք Ուկրաինային 🕊️