Երեւանի Էրեբունի համայնքի Ազատամարտիկների այգու վերջնամասում բետոնե արգելապատնեշներ են: Համայնքում շատերը չգիտեն, որ դրանց հետեւում Սուրբ Մեսրոպ եկեղեցու կիսակառույցն է: Իսկ հարեւանությամբ հերթով «երկինքը քերել են սկսում» տարբեր բարձրահարկ շենքեր:
Անավարտ եկեղեցին համբերատար իր հերթին է սպասում: Մոտ 15 տարի է՝ այդ վիճակում է: Բարերարների մահից հետո շինարարաությունը դադարեցվել է, բայց համայնքի հոգեւոր կյանքը դրանից չի տուժել:
Սուրբ Մեսրոպի կառուցման համար տարածքում տեղադրված փոքրիկ տնակներից, որոնցում ժամանակին բնակվել են շինարարաները, այժմ օգտվում են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները:
Տնակներից մեկում տարիներ շարունակ ամեն չորեքշաբթի եւ ուրբաթ ժամերգություններ եւ աստվածաշնչյան ընթերցումներ են անցկացվում: Տեր Զգոն քահանան մոտ 15 տարի շաբաթական երկու անգամ եկեղեցու վերածված տնակում ժամերգության կարգ է կատարում, պատասխանում եկեղեցու այցելուների տարաբնույթ հարցերին՝ տոների նշանակությունից մինչեւ թշնամուն սիրել-չսիրելու ընտրություն:
Տեր Զգոնը վստահ է՝ տարատեսակ մոլորություններից ժողովրդին հետ պահելու լավագույն ձեւը նրանց մատչելի լեզվով խոսելն ու Աստծո խոսքը բացատրելն է:
«Եկեղեցուց չհեռանալու հիմնական միջոցը ժողովրդին հոգեւոր գիտելիքի փոխանցումն է, որը բացում է մարդկանց աչքերը եւ ուղղորդում դեպի ճշմարտություն: Տարբեր աղանդավորական շարժումներն օգտվում են այդ գիտելիքի պակասից կամ բացակայությունից: Երբ մարդը հոգեւոր գիտելիքներ ունի Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ, նրան անհնար է խաբել, մոլորեցնել»,- ասում է Տեր Զգոն քահանան ու ընդգծում՝ համբերատար մոտեցում է անհրաժեշտ:
Տեր Զգոնը այդ նպատակով հաճախ նաեւ համայնքի մանկապարտեզներ ու դպրոցներ է այցելում, լսում աշակերտներին, պատասխանում նրանց հարցերին:
Երեցկինը՝ Իրինա Աղաջանյանը, տարիներ շարունակ ամուսնու հետ մասնակցում է ժամերգություններին: Հիշում է՝ երբ դեռ նոր էր փոքրիկ երկաթե տնակը յուրօրինակ եկեղեցու վերածվել, ժամերգությանը 2-3 հոգի էին ներկա լինում, որոնցից մեկն ինքն էր: Այժմ եկեղեցին հավատարիմ հետեւորդներ ունի: Երեցկնոջ նկարագրությամբ՝ մի ընտանիք են դարձել:
Իրինա Աղաջանյանը վստահ է՝ հոգեւոր կրթությունը մարդը պիտի մանկուց ստանա: Հենց այդ նպատակով էլ արդեն մի քանի տարի է՝ փոքրիկ տնակները նաեւ որպես կրթօջախներ են ծառայում: Էրեբունի համայնքի երեխաները «Ոսկեհատիկ» կոչվող կենտրոնում լեզուներին, մաթեմատիկային ու մայրենիին զուգահեռ ասեղնագործություն եւ ուլունքագործություն են սովորում, հոգեւոր դաստիարակություն ստանում:
«Մենք միշտ մարդկանց առողջություն ենք մաղթում՝ նկատի ունենալով միայն մարմնականը, մինչդեռ կարեւոր է նաեւ մտքի ու հոգու առողջ լինելը: Եթե հոգին է հիվանդ, շատ ավելի բարդ է: Երեխան պետք է հոգեւոր կրթություն ստանա, որ հասուն կյանք մտնելիս «չկոտրվի»»,- վստահ է երեցկինը:
Կրթօջախը, սակայն, միայն դպրոցահասկաների համար չէ: Այստեղ այցելում ու ձեռքի աշխատանք են սովորում նաեւ համայնքի մեծահասակ բնակիչները: Նրանցից շատերի մազերը տնակի պատերի ներսում են սպիտակել: «Ոսկեհատիկը» կազմակերպում է ուխտագնացություններ, բարեգործական այցեր մանկատներ ու ծերանոցներ, ներկայացումներ է բեմադրում: Բոլոր տարիքային խմբերին համապատասխան դասագրքեր, ծրագրեր ու մեթոդներ են կազմվել:
Մարգարիտա Հովհաննիսյանը մոտ 10 տարի համայնքի բնակիչներին կրթում է հոգեւոր գիտելիքներով, սովորեցնում ձեռագործություն: Կրթօջախում ու հոգեւոր համայնքում քահանայի ու երեցկնոջ «աջ ձեռքն է»: Մարգարիտան պատմում է, որ այս տարիներին չեն սահմանափակվել միայն «Ոսկեհատիկ»-ի աշխատանքներով:
Տարբեր հոգեւոր միություններ են հիմնել, որոնցից յուրաքանչյուրը մի գործով է զբաղվում՝ բարեգործական այցելություններ, հոգեխնամ աշխատանքներ Էրեբունու բանկիչների հետ, որ համայնքում որեւէ մեկն անուշադրության չմատնվի: Երիտասարդաց միության գործունեության նպատակն էլ երիտասարդներին եկեղեցուն ու հոգեւոր կյանքին մոտ պահելն է: Վերջիններս մասնակցում են համայնքային զարգացման ծրագրերին, եկեղեցական տոների ու միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին:
Համայնքի բնակիչները հավատով սպասում են՝ մի օր եկեղեցին փոքրիկ տնակից կտեղափոխվի լիովին պատրաստ կառույց, ու հարեւանությամբ հնչող շինարարության ձայները կփոխարինվեն Սուրբ Մեսրոպի զանգերի ղողանջով:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: