Վերնագրում չակերտներում վերցված խոսքերի հեղինակը Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանն է:
1921 թվականի մարտն է, ավելի ստույգ՝ մարտի 15-ը: Հայաստանում տեղի է ունեցել Փետրվարյան ապստամբությունը, Հայրենիքի փրկության կոմիտեն Երեւանում եւ շրջակայքում իշխանությունը վերցրել է Հայհեղկոմից, որը նահանջել է Արտաշատի կողմերը: Փրկության կոմիտեն նիստ է գումարում, որին մասնակցում են 4 վարչապետներից 3-ը՝ Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը եւ Սիմոն Վրացյանը, ով կոմիտեի նախագահն է:
Օրակարգում թուրքական հարցն է, ավելի ճիշտ՝ ընդդեմ ռուս բոլշեւիկների քեմալականներից ռազմական օգնություն ստանալու հնարավորությունը:
Վրացյանը զեկուցում է. «Միակ պետությունը, որի հետ մենք պիտի խոսենք… Թուրքիան է: Մենք հնարավորություն ունենք խոսելու նրանց հետ՝ հիմնված Ալեքսանդրապոլի դաշնագրի վրա… Այսօր ժամանակը չէ գնահատելու այդ դաշնագրի բոլոր կողմերը: Մենք, եթե կամենում ենք փրկել մեր երկիրը այս ծանր դրությունից, հարկադրված ենք դիմելու այս քայլին եւս, ինչքան էլ ծանր լինի եւ ոչ պատվաբեր»:
Ապա Վրացյանը հարց է դնում. «Բոլշեւիկների դեմ կռվելիս օգտվելո՞ւ ենք թուրքական ուժերից, թե՞ ոչ: Եթե այո, այդ դեպքում պիտի բանակցություններ սկսել հենց այսօր»:
Բանակի գլխավոր հրամանատար Կուռո Թարխանյանը շեշտում է, որ հարկադրված ենք դիմել թուրքական ուժերի աջակցությանը:
Դեմ է արտահայտվում սոցիալիստ-հեղափոխական (նախկինում՝ ՀՅԴ-ական) Վահան Մինախորյանը. «Եթե մեր կռիվը պիտի լինի ռուսների դեմ, ոչ մի թուրքական ուժ չի փրկում մեզ»։
Վրացյանը քվեարկության է դնում հետեւյալ կետերը. «Առաջին՝ սկսել թուրքերի հետ բարեկամական հարաբերություններ, երկրորդ՝ այդ հարաբերությունների հիմք ընդունել Ալեքսանդրապոլի դաշնագիրը»: Ապա հեռագիր է հղում Անկարա՝ Աթաթուրքի կառավարությանը, եւ վերահաստատում, որ հայ-թուրքական «բարեկամական հարաբերությունների հիմքում» Ալեքսանդրապոլի դաշնագիրն է:
Քաջազնունին պատրաստակամություն է հայտնում մեկնելու Անկարա եւ անձամբ վարելու բանակցությունները:
Վրացյանը համոզված էր, որ Հայաստանում «խաղաղ կյանք վերսկսելու համար մեծապես պետք ունենք հարեւան Թուրքիայի բարեկամությունը, նույնիսկ՝ աջակցությունը»:
Մարտի 18-ին Վրացյանը մեկ այլ հեռագիր է ուղարկում Անկարա եւ ռազմական օգնություն խնդրում քեմալականներից՝ ընդդեմ բոլշեւիկների:
Հայաստանի Հանրապետության երկուսուկես տարիներին Երեւանի արտաքին քաղաքականության մեջ ամենակարեւոր տեղերից մեկը զբաղեցնում էր Օսմանյան կայսրությունը/Թուրքիան, իսկ առաջին վեց ամիսներին՝ բացառապես Թուրքիան: Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը համոզված էին, որ թուրքերը Հայաստանի համար ճակատագրական ուժ են սպառնալիքի իմաստով, եւ եթե հայերն ու թուրքերը միայնակ մնան իրար դեմ, ապա հայ ժողովրդի հերթական ողբերգությունն անխուսափելի է: Նրանք, բնականաբար, որեւէ դրական զգացում չունեին թուրքերի հանդեպ: Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի էր անցել, Հայաստանի բնակչության ամեն երրորդ բնակիչը Արեւմտյան Հայաստանից տեղահանված էր:
Հիմնադիր հայրերը՝ Հովհաննես Քաջազնունին, Արամ Մանուկյանը, առաջին արտգործնախարար եւ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, Ռուբեն Տեր-Մինասյանն ու շատ այլ գործիչներ համոզված էին, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների եւ նրա՝ Հայաստանի հանդեպ տարածքային պահանջները զսպելու հարցում առաջնային է Օսմանյան կայսրության ղեկավարության, այն օրերին՝ հայ ժողովրդի ջարդարարներ Թալեաթի, Էնվերի ու Ջեմալի հետ խոսելը:
Բազմաթիվ են դրվագները, երբ հայ ղեկավարները Պոլսում բանակցել են Թալեաթի ու Էնվերի հետ: Երբ 1918 թվականի ամռանն ու աշնան սկզբին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր վարում Հայաստանի արեւելյան սահմաններին, Խատիսյանն ու հայկական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը հենց թուրք ոճրագործների միջնորդությամբ էին նաեւ փորձում կանգնեցնել Ադրբեջանի ծավալապաշտությունը: Հայ ղեկավարները նույն Թալեաթի ու Էնվերի միջնորդությամբ հասան նրան, որ Բաքվից Երեւան հասնի նավթ ու հացահատիկ՝ սովահար արեւմտահայության համար:
Հայ-թուրքական այս շրջանի հարաբերություններին հայ պատմաբաններն ու հետազոտողները խուսափում են անդրադառնալուց, քանի որ դրան խանգարում են նրանց հայրենասիրական զգացումները: Ավելի մոդայիկ է, նաեւ՝ շահավետ Սեւրի ու Վիլսոնի թեման: Ի դեպ, ե՛ւ Վրացյանը, ե՛ւ Քաջազնունին ու Խատիսյանը բազմիցս խոստովանել են, թե ինչ աղետ է բերել Սեւրը Հայաստանին: Հետին թվով նրանք ընդունել են, որ Սեւրի անիրական պայմանների հետեւից ընկնելու փոխարեն պետք էր խոսել թուրքի հետ եւ բավարարվել Հայաստանի այնպիսի սահմաններով, որոնք թույլ էին տալիս մեր հանրապետության իրական հնարավորություններն ու օրվա միջազգային դրությունը:
Հայաստանի գործող իշխանությունները, որ մինչեւ 44-օրյա աղետալի պատերազմը Թուրքիայի հետ հարաբերություններում կոպտագույն սխալներ էին թույլ տալիս, անում սադրիչ քայլեր ու հայտարարություններ, այսօր ձգտում են «խաղաղության դարաշրջան բացելու»:
Կրկին հայի հետին խելքն է:
Երկարատեւ դադարից հետո Հայաստանը նոր փորձ է անում՝ կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերությունները: Մարտի 11-13-ին Անթալիայում սպասվող դիվանագիտական ֆորումին մասնակցելու է նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Քննադատությունների պակաս չի զգացվում Միրզոյանի՝ Թուրքիա մեկնելու առնչությամբ: Պիտակները պատրաստ են՝ թուրք, թուրքամետ, թուրքամոլ, քեմալական:
Ո՞վ պետք է մեր փոխարեն խոսի թուրքի հետ: Հատկապես այսօր, երբ Ուկրաինայի տարածքում մոլեգնում է պատերազմը, ու մենք չգիտենք, թե ինչպիսի ավարտ է ունենալու, ու նաեւ չգիտենք՝ Ռուսաստանը հերթական անգամ հեռանալո՞ւ է մեր տարածաշրջանից՝ Հայաստանն ու Արցախը թողնելով թուրքական սպառնալիքի ու մարդասեր Արեւմուտքի գթասրտության միջեւ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։