Ուկրաինայի կենտրոնական բանկը դիմել է ռուսական «Միր» վճարային համակարգն ընդունող մի շարք երկրների ԿԲ ղեկավարությանը՝ խնդրելով կասեցնել այդ համակարգի քարտերով գործառույթները։
«Միր» վճարային համակարգն ընդունող երկրների թվում են Հայաստանը, Թուրքիան, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Վիետնամը։ «Միրը» գործում է նաեւ Բելառուսում, Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում։
Խոսքը ե՛ւ բանկոմատների ու վճարային տերմինալներով գործառույթների, ե՛ւ առցանց գնումների մասին է։ Ըստ ուկրաինական կողմի՝ սրանով նպատակ է դրվում ավելի ուժեղացնելու Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցները։
Նշված երկրներից ոչ մեկը, այդ թվում՝ Հայաստանը, դեռ չի արձագանքել Ուկրաինայի ԿԲ-ին։
«Միր» վճարային համակարգը Ռուսաստանի կենտրոնական բանկը ստեղծել է 2017-ի մայիսին։