Թուրքիան վերջին շրջանում արտաքին քաղաքականության մեջ մեծ ակտիվություն է ցուցաբերում։ Մարտի 10-ին Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի են ունենում տարածաշրջանի ու աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող մի շարք հանդիպումներ։
Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն նախ առանձին հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ, որին հաջորդել է Չավուշօղլու-Կուլեբա-Լավրով եռակողմ հանդիպումը։ Այն սկսվել է Թուրքիայի ժամանակով 11:00-ին (Երեւանի ժամանակով՝ 12:00-ին)։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր տարբերակները։
Միեւնույն ժամանակ մեկօրյա աշխատանքային այցով Անկարա է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որին Չանքայա պալատում ընդունելու է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Ըստ Թուրքական Sabah օրաթերթի հաղորդագրության՝ վերջին երեք ամիսների ընթացքում նախագահ Էրդողանը բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել մոտ 20 երկրների ղեկավարների հետ, մի շարք հարցերից բացի քննարկել նաեւ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին առնչվող խնդիրները։
«Ողջ աշխարհի ուշադրությունն այսօր Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա է սեւեռված։ Այսպիսով՝ Թուրքիան եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ մեծ միջնորդի դեր ունի համաշխարհային ճգնաժամերի լուծման հարցում»,- հայտնում է պարբերականը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը