Արցախի Անվտանգության խորհուրդը հերքել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ուժերի մի մասը Արցախից դուրս բերելու եւ Ուկրաինա տեղափոխելու մասին ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները եւ հայտարարել, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Ըստ Արցախի ԱԽ հայտարարության՝ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթների, շարունակում է իրականացնել իր առաքելությունն Արցախում:
Միաժամանակ Արցախի Անվտանգության խորհուրդը շեշտել է, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնելու վերջինիս շրջանում։
«Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի Անվտանգության խորհուրդը վստահեցրել է, որ Արցախի իշխանություններն ու ՌԴ խաղաղապահ զորակազմը լիարժեք վերահսկում են իրավիճակը։