Շիրակի մարզի չնահանջող ձմեռը իսկական պատուհաս է դարձել հազարավոր տնակաբնակների համար։ Չամուրյանների 5-հոգանոց ընտանիքն ամբողջ ձմեռ բավականին հեռու գտնվող հարեւան բակի ծորակից է դույլով ջուրը տուն տարել։ Մի քանի օր առաջ իրենց աղբյուրի ջուրը հալվել էր, ասում են՝ աչքներին լույս էր եկել։ Դեռ չէին հասցրել լիարժեք ուրախանալ, ձմեռը կրկին սաստկացել է։ Տնակի խարխուլ տանիքը նորից է սկսել կաթել, տան ամեն անկյունում ամաններ են շարել, որ ջուրը հավաքեն, թափեն։
Ընտանիքը 21 տարի առաջ է տեղափոխվել տնակ. գերդաստանը մեծացել է, ստիպված առանձնացել են։ Մտածել են՝ մի քանի տարի աշխատեն, բնակարան գնեն։ Չորս տարի անց տան հայրը մահացել է, կինն ու երկու դուստրերը մի կերպ են օրվա ապրուստը վաստակել։ Այնուհետեւ ավագ դուստրը՝ Հասմիկն է ամուսնացել, ասում է՝ անհաջող։ Երկու երեխաների հետ վերադարձել է հայրական տնակ։
Ամառը միջատներից ու առնետներից, ձմեռը սաստիկ ցրտից պաշտպանվելով՝ մեծացնում են երկու անչափահասներին։ Ասում են՝ այսքան ժամանակ միակ օգնությունը «Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունն է ցուցաբերել։
Տնակը Գյումրու Սախարովի հրապարակին կից շինարարական կազմակերպության տարածքում է։ «Ճիշտ է, հիմա մեզ այստեղից չեն հանում, բայց դա միայն սեփականատիրոջ բարի կամքին է թողնված, մի օր կարող է այս տնակն էլ չունենանք»,- ասում է Հասմիկը։
2022 թվականի սկզբին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Շիրակի մարզի համայնքներում փաստացի առկա տնակների ճշգրտված ցանկն ուղարկել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե։ Ըստ վերջնական հաշվարկների՝ մարզում տնակների թիվը 3456-ն է։ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի տվյալներով էլ Գյումրիում 2770 տնակում ապրող ընտանիքներից միայն 410-ի հանդեպ պետությունը դեռեւս չի կատարել պարտավորությունը։ Այս ընտանիքները երկրաշարժից բնակարան են կորցրել եւ դեռեւս սպասում են բնակարանատեր դառնալու իրենց հերթին։
Թե ինչ է արվել, եւ ինչ է սպասում տնակներում գոյատեւող ընտանիքներին, քաղաքաշինության կոմիտեի լրատվության բաժնից «Ալիք Մեդիային» տեղեկացրին, որ հիմնախնդրի կանոնակարգման աշխատանքները սկսվել են:
Գործընթացի շրջանակում ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում նախանշվել են տնակներում բնակվող ընտանիքների վերաբնակեցման եւ տարածքների ազատման մասով նախնական մոտեցումները եւ առաջնահերթությունները, ինչպես նաեւ դրանց հիման վրա անհրաժեշտ ֆինանսական նախնական հաշվարկներին առնչվող հարցերը:
ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է խնդրի կանոնակարգման նպատակով ստեղծել իրավական հիմքեր, իրականացնել տնակների հեռացման՝ տարածքների ազատման, այդ տնակներում բնակվող ընտանիքների վերաբնակեցման աշխատանքներ։ Սկզբնական փուլում դիտարկվելու են պետական եւ համայնքային հողամասերի վրա տեղադրված տնակները:
Թե ինչպես են գոյատեւում, տարին քանի անգամ են երեխաներին հիվանդանոց տանում տնակաբնակները, բառերով նկարագրելու չէ։ «Կդիմանա՞ն այս ընտանիքները մինչեւ 2026 թվականը» հարցի պատասխանն իմանալու համար բավական է մեկ անգամ մտնել Գյումրու ցանկացած տնակ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։