Վերջին շրջանում հեռախոսային դիվանագիտություն վարող ու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը միտված Թուրքիայի ու Իսրայելի նախագահները մարտի 9-ին հանդիպել են Անկարայում։ Պաշտոնական այցի առաջին օրվա հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում Հերցոգի հայտարարությունը իրարանցում է ստեղծել Իսրայելում, փոխանցում է Sözcü օրաթերթը։
Ելույթի ժամանակ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ երկխոսությունը պետք է երկու երկրներում շարունակվի․ «Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հաջորդ ամիս կայցելի Իսրայել եւ հանդիպում կունենա Իսրայելի իր գործընկերոջ հետ»։
Ըստ պարբերականի՝ Իսրայել այցի մասին հայտարարությունը հնչեցնելիս Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ու նախարարն այդ մասին տեղեկություն չեն ունեցել։
Times of Israel-ն այս մասին գրում է․ «Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն անակնկալի է եկել։ Մինչ երկու երկրների լրատվամիջոցները հայտարարում են, որ քննարկվում է երկուստեք դեսպանությունների վերաբացման հարցը, պարզվում է՝ ո՛չ Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը, ո՛չ էլ նախարարության մեկ այլ աշխատակից այս այցելության մասին տեղյակ չեն եղել և չեն հաստատել»։
Իսկ նախարար Լապիդի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Չավուշօղլուն հայտնել էր Իսրայել այցելելու ցանկության մասին, սակայն նախապատրաստվող այց դեռեւս չկա, փոխանցում է պարբերականը։
Ըստ թուրքական Sözcü-ի՝ ստեղծված իրավիճակը կարող է Իսրայելում ներքաղաքական ճգնաժամի հանգեցնել։
Ի դեպ, Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ Անկարա կատարած այցի ընթացքում Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության դիմաց Թուրքիայի քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը