Թուրքիայի նախաձեռնությամբ մարտի 10-ին Անթալիայում կայացավ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որից հետո Ռուսաստանի ու Ուկրաինայի նախարարներն առանձին սրահներում անցկացվող մամուլի ասուլիսների ժամանակ խոսեցին հանդիպման արդյունքների մասին։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան շնորհակալություն է հայտնել Մեւլութ Չավուշօղլուին՝ նշելով, որ նա կարողացավ իրականացնել անիրականանալին․ «Սա Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ առաջին կապը եղավ։ Հանդիպումը միեւնույն ժամանակ ե՛ւ բարդ էր, ե՛ւ պարզ։ Ես փորձեցի դիվանագիտական լուծում գտնելու համար հնարավոր ամեն ինչ անել»,- փոխանցում է Hürriyet օրաթերթը։
«Ինչպես գիտեք, Մարիուպոլում օդից ռմբակոծությունները շարունակվում են։ Շրջանները կրակի տակ են։ Այս հանդիպումը հումանիտար միջանցք բացելու, շրջանի խաղաղ բնակիչների տառապանքներին վերջ դնելու նպատակով է իրականացվել։ Սակայն Լավրովն այս հարցում չստանձնեց նման պարտավորություն։ Բարձրացրինք 24-ժամյա զինադադարի հարցը, բայց որևէ հաջողության չհասանք։ Հասկանում ենք, որ Ռուսաստանում նման որոշումները այլ անձինք են կայացնում»։
«Լավրովի պահանջները հանձնվելու ցուցակի էին նման։ Ես լուծում գտնելու համար էի եկել, իսկ Լավրովը՝ լսելու։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել երկրում հումանիտար խնդիրները լուծելու հարցում։ Եթե կարգավորումը կարող է քննարկման թեմա դառնալ, ապա մենք պատրաստ ենք կրկին այս ձեւաչափով հանդիպելու»։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը