ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 549 խաղաղ բնակիչ, որոնցից 41-ը՝ երեխա, եւս 957-ը վիրավորվել է։
Երկրի մի շարք շրջաններում ստեղծվել է ծանր հումանիտար իրավիճակ: Բնակիչները շարունակում են լքել իրենց տները. շատերը ապաստան են գտնում հարեւան երկրներում: Միգրացիայի միջազգային կազմակերպությունից հայտնել են, որ փետրվարի 24-ից հետո Ուկրաինան լքել է ավելի քան 2,3 միլիոն մարդ, այդ թվում՝ երրորդ երկրների ավելի քան 100 հազար քաղաքացի։
Շուրջ 1,5 միլիոն փախստական Ուկրաինայից անցել է Լեհաստան։ Երկրի սահմանապահ ծառայության տվյալներով՝ միայն մարտի 10-ին սահմանը հատել է 20 հազարից ավելի մարդ։
Վլադիմիր Զելենսկին էլ նշել է, որ նախօրեին Ուկրաինայում առանձին շրջաններից հումանիտար միջանցքներով տարհանվել է ավելի քան 60 հազար մարդ։