Ոչ մի պատերազմ արդյունքներ չի ունենում։ Բոլոր պատերազմները միայն հետեւանքներ են ունենում։
Բացառություն չի լինի նաեւ ռուս-ուկրաինական ներկա պատերազմը։ Ընդ որում, այսօրվա գլոբալացված աշխարհում այն հետեւանքներ է ունենալու ոչ միայն կռվող կողմերի ու նրանց աջակիցների, այլեւ այդ ամենից կարծես թե հեռու գտնվող երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Բայց հայկական, այսպես կոչված, իշխանական վերնախավում այդ գիտակցումը, կարծես թե, բացակայում է։ Երբ նայում ես, թե ինչ հարցեր են քննարկում կամ ինչ օրակարգ են պարտադրում հանրությանը, հասկանում ես, որ, Բակունցի նկարագրած բզեզի նման, ծաղկափոշու մեջ թաթախված այդ իշխանությանն աշխարհը բուրաստան է թվում։
Ամենաթարմ օրինակը. ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանն ու դրանից բխող հետեւանքների մասին օրակարգով հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը:
Իսկ դրա փոխարեն Ազգային ժողովը մարտի 9-ին արտահերթ նիստում (շեշտում եմ՝ արտահերթ նիստում) քննարկեց աշխարհացունց մի նախագիծ՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, որով ընդամենը առաջարկվում էր «1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լուծույթի» բառից հետո լրացնել «, նյութի» բառը» (ոճի համար ես պատասխանատու չեմ, էդպես գրված է նախագծում – Մ. Հ.)։
Հասկացա՞ք։ Արտահերթ նիստում հարյուրչգիտեմքանի պատգամավոր մի ամբողջ աշխատանքային օր քննարկում է մի օրենքում մի բառ ավելացնելու նախագիծը, այն դեպքում, երբ Ուկրաինայում բնակվող հայերից բազմաթիվ ահազանգեր են գալիս, որ իրենք իրենց խնդիրների հետ մենակ են մնացել։ Էն դեպքում, երբ օգտվելով նրանից, որ աշխարհը զբաղված է ռուս-ուկրաինական պատերազմով, Ադրբեջանը կրակում է Արցախում եւ Հայաստանի սահմաններին, ահաբեկում է Խրամորթ գյուղի բնակիչներին։
Թվում է, թե այդ կրակոցները պիտի որ մտահոգեին գոնե ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին։ Բայց չէ, այդ հանձնաժողովի նախագահը խրոխտ հայտարարում է, թե խաղաղության մասին Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացումները համարժեք են։ Ապա, խոսելով Արցախում գազատարի վնասման մասին, հավելում է. «Ամենայն հավանականությամբ, այդ խնդիրներն իրենց լուծումները կգտնեն Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության միջոցով»։
Վերջ։ Հասկացա՞ք։ Մենք չպիտի խառնվենք, էդ սահմանային միջադեպերը օրակարգ դարձնենք։ Մեր փոխարեն կանի Ռուսաստանը… Հա, ըստ պատգամավորի, հնարավոր է նաեւ մասնակցի Արցախի իշխանությունը… Իսկ Հայաստա՞նը… Հեչ, Հայաստանը, ըստ պատգամավորի, ընդամենը պիտի քննարկի, «թե մենք ինչ ենք անում, որ թշնամին չկարողանա դիմել այդ պահվածքին»։
«Հաց եւ տեսարաններ»,- ասում էին հին Հռոմում (թե՞ Հունաստանում, կարեւոր չէ)։ Հայրենի իշխանությունները սա յուրովի են հասկացել. հացը (փող, բարձր աշխատավարձ, պարգեւավճարներ, յուղոտ տենդերներ)՝ իրե՛նց, իսկ տեսարանները՝ հանրությա՛նը։ Հատկապես կեղծ օրակարգ ձեւավորող կամ իրական օրակարգից շեղող տեսարանները։ Անցյալ շաբաթ «աղամանների» հարցն էր, էս շաբաթ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նոր խորհրդանիշի նախագիծը։
Իհարկե, եթե անճաշակության աշխարհի առաջնություն լիներ, այդ խորհրդանիշը եւ դրա պատկերների մեկնաբանությունը ամենաբարձր տեղեր կգրավեին։ Բայց սա չէ հարցը։ Այլ այն, ինչ ասացի վերեւում՝ կեղծ ու շեղող օրակարգը։
Կառավարությունը անկապ օրակարգեր է թելադրում՝ իրական կյանքի հետ ոչ մի առնչություն չունեցող, իսկ տեսարանների կարոտ հանրությունն էլ սկսում է քննարկել դրանք։
Ես մի քիչ սխալվեցի։ Ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող մի իրական օրակարգ, համենայն դեպս, քննարկվում է։ Բայց, դարձյալ, քննարկում է հասարակությունը։ Չեմ լսել, որ իշխանությունները այս հարցերի մասին խոսեն։
Ասածս վերաբերում է այդ պատերազմի հետեւանքով իրենց երկրներից փախած եւ Հայաստան եկած ռուսաստանցիներին եւ ուկրաինացիներին։ Բայց այս քննարկումն էլ զուտ կենցաղային մակարդակի է՝ տների վարձակալության թանկացում, որոշ կազմակերպությունների հնարավոր արագ հարստացում եւ այլն։ Իսկ թե պետությունն այս մարդկանց՝ Հայաստանում մնալ շահագրգռելու համար ինչ է անում, հայտնի չէ։
Էլի սխալվեցի, ներողություն։ Ի վերջո, «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում «նյութ» բառը ավելացնելը կամ աղամանները արգելելը իմաստուն կառավարության մտահոգությունն է ոչ միայն մեր, այլեւ ստիպված Հայաստան եկած ռուսների եւ ուկրաինացիների առողջության մասին։ Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշն էլ ներգաղթյալներին համոզում է, որ մեզ մոտ անհաշտ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, մնացե՛ք, աշխատե՛ք։
Հետո էլ ասում եք, թե պետությունը բան չի անում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։