Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Վերսալում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում համերաշխություն են հայտնել Ուկրաինային եւ վերահաստատել են Կիեւի հավատարմությունը եվրոպական ուղուն՝ պատասխանելով կառույցին միանալու այդ երկրի դիմումին։ «Ուկրաինան եվրոպական ընտանիքի մի մասն է»,- ընդգծել են գագաթնաժողովի մասնակիցները։
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկման գործընթացը, սակայն, կարող է տեւել ամիսներ կամ տարիներ։
Եվրոպական խորհուրդը «Եվրահանձնաժողովին խնդրել է ուսումնասիրել եւ գնահատել Մոլդովայի ու Վրաստանի հայտերը»։
Սովորաբար ԵՄ երկրների ղեկավարներն ուսումնասիրում են Եվրահանձնաժողովի դիմումները, քննարկում են առաջարկությունները, որից հետո որոշում՝ այս կամ այն երկրին տրամադրե՞լ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, թե՞ ոչ։ Այնուհետեւ սկսվում են բանակցություններ թեկնածու երկրի հետ, որոնց նպատակն է համոզվել, որ այն համապատասխանում է ԵՄ-ին միանալու համար անհրաժեշտ մի շարք չափորոշիչներին։ Այդ գործընթացը կարող է տարիներ տեւել:
Վերսալի գագաթնաժողովից առաջ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ զգուշացրել են, որ չկա մեխանիզմ, որը հնարավորություն կտա արագացված ընթացակարգով որեւէ երկրի ընդունելու Եվրամիություն։
Գագաթնաժողովի մասնակիցները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները կշարունակեն համակարգված քաղաքական, ֆինանսական, նյութական եւ հումանիտար աջակցություն ցուցաբերել կառույցին անդամակցելու ձգտող պետություններին: