Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ խնդրելով Meta-ն (Facebook, Instagram, WhatsApp) ճանաչել ծայրահեղական կազմակերպություն եւ արգելել այդ ընկերության գործունեությունը Ռուսաստանում։ «Ռոսկոմնադզորը» նաեւ պահանջել է սահմանափակել Instagram-ի հասանելիությունը։
Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» Meta Platforms Inc-ի վարչակազմից պահանջել էր կարճ ժամանակում հաստատել կամ հերքել համացանցում հայտնված տեղեկությունը ՌԴ քաղաքացիների, այդ թվում ՝ ՌԴ զինված ուժերի զինծառայողների նկատմամբ Facebook եւ Instagram սոցիալական ցանցերում կոնտենտի կանոնների փոփոխման մասին:
Meta-ն որոշել է մեղմացնել ատելության խոսքի կանոնները
Մարտի 11-ին ավելի վաղ ամերիկյան Meta բազմազգ հոլդինգի ներկայացուցիչ Էնդի Սթոունը հայտնել էր, որ Meta-ն որոշել է մեղմացնել ատելության խոսքի կանոնները (hate speech) եւ ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի եւ Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնության կոչեր անել։
«Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետեւանքով մենք ժամանակավորապես թույլ ենք տվել քաղաքական ինքնարտահայտման ձեւերը, որոնք սովորաբար կխախտեին բռնության կոչերի մեր սահմանած արգելքը»,- ասել է Սթոունը:
Որպես օրինակ, որն այսուհետ թույլատրված է այդ սոցիալական ցանցերում, ներկայացվում է «Մահ ռուս զավթիչներին» կոչը։ Միաժամանակ ընկերությունը պահպանում է Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղված ատելության խոսքի արգելքը։
Իրավունք չեն տվել որոշել ճշմարտության չափանիշները
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը, արձագանքելով ընկերության որոշմանը, նշել է, որ դա վկայում է Ռուսաստանի Դաշնության դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմի մասին։ Դեսպանատունն ԱՄՆ իշխանություններից պահանջել է դադարեցնել Meta-ի ծայրահեղական գործունեությունը եւ միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Դիվանագիտական առաքելությունն ընդգծել է նաեւ, որ Facebook-ի եւ Instagram-ի օգտատերերն այդ ինտերնետ-հարթակների ղեկավարներին իրավունք չեն տվել որոշելու ճշմարտության չափանիշները եւ մի ժողովրդին հանել մյուսի դեմ։
Նահանջում ենք դեպի կոշտ, վայրենի պետություն
Իր հերթին ամերիկյան Ռոն Փոլի ինստիտուտի գործադիր տնօրեն Դենիել Մաքադամսը ռասիզմ է համարել սոցիալական ցանցերում բռնության կոչեր թույլ տալը։ Վերլուծաբանն ընկերությունն անվանել է «ԱՄՆ կառավարության դե ֆակտո ստորաբաժանում», որը «չափազանց ուրախ է կատարելու իր պետական տերերի ցանկությունները»։
«Պարզ է, որ լիբերալ արժեքների առումով մենք՝ որպես հասարակություն, առաջընթաց չենք ապրում, նահանջում ենք դեպի կոշտ, վայրենի պետություն»,- ասել է Մաքադամսը։
Ընկերության քաղաքականության փոփոխությունները վերաբերում են Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Հունգարիային, Լատվիային, Լիտվային, Էստոնիային, Լեհաստանին, Ռումինիային, Սլովակիային, Ռուսաստանին եւ Ուկրաինային:
Գործակալության տվյալներով՝ ընկերությունը նաեւ ժամանակավորապես չի հանի Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներին ուղղված մահվան կոչերը Լեհաստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում։