ԴԱՐԻԱ
Անունս Դարիա է: Ես փոքր քաղաքից եմ, որը Կիեւի շրջանում է, բայց ապրում եմ ԱՄՆ-ում: Ծնողներս ապրում են Կիեւում, եւ երկու օր առաջ շենքը՝ Լոբանովսկի պողոտա, 6Ա հասցեում, որ 7 կմ է հեռու այն տնից, որտեղ ապրում են ծնողներս, հրթիռակոծության է ենթարկվել: Փառք Աստծո, ծնողներս գնացել էին իմ ծննդավայրը: Ամեն օր նրանք ապրում են վախի ու անորոշության մեջ: Նրանք աղոթում են, որ չդառնան ռմբակոծության հաջորդ զոհերը: Ինձ համար այս ամենը դժոխային է: Ես հեռու եմ իմ ընտանիքից, անզոր եմ օգնելու նրանց: Հատկապես սարսափելի է, երբ զանգում եմ նրանց ու չեն պատասխանում: Տատիկս բուժվում է, եւ մտավախություն ունեմ, որ շուտով անհրաժեշտ դեղերը հասանելի չեն լինի:
Երեկ գնացել էի Վաշինգտոնի Սպիտակ տան մոտ Ուկրաինայի աջակիցների հանրահավաքին: Օրվա հիմնական մասը ես ստորագրում եմ միջնորդագրեր, տարածում տեղեկություններ Ուկրաինայի ներկա իրավիճակի մասին, նաեւ նվիրատվություն եմ կատարում՝ աջակցելու Ուկրաինայի բանակին ու կամավորական ջոկատներին:
Երբեք չեմ ցանկանա՝ որեւէ մեկը զգա այն, ինչ հիմա զգում է Ուկրաինայի ժողովուրդը:
* * *
ՕԼԵՆԱ
Ես Օլենա Բոլտուշկինան եմ, 39 տարեկան, հաղորդակցության գծով խորհրդատու: Այս ամբողջ ընթացքում եղել եմ Կիեւում: Լուսաբանում եմ այն ամենն, ինչ կատարվում է ինձ ու իմ թութակի հետ՝ թութակիս ինստագրամյան էջով: Մարդիկ, որոնց հետ նկուղում էի, այդ էջն անվանում են «արծիվ»: Դրա միջոցով աշխարհում մոբիլիզացնում եմ այլ թռչունների տերերին՝ Ուկրաինային աջակցելու համար:
Ամեն օր այնտեղ նկարներ, տեսանյութեր եւ անգլերեն տեքստեր եմ հրապարակում այն մասին, թե ինչպես եմ ստիպված օրը մի քանի անգամ ընկերներիս հետ վազում նկուղ ու վերադառնում տուն՝ հետս վերցնելով ընկճված թռչունիս՝ իր վանդակով:
Բոլոր գրառումները (մեկնաբանությունները նույնպես) հուզական դրվագներ են ռուսական ներխուժման մասին, դրանք ցույց են տալիս մեր համոզվածությունը, որ վաղ թե ուշ Ուկրաինան հաղթելու է, եւ Ռուսաստանը դատապարտված է պարտության: Մարդիկ գրում են ինձ անձնական նամակներ՝ առաջարկելով իրենց օգնությունն ու հարցնելով՝ ինչ կարող են անել: Կա՛պ հաստատեք ինձ հետ հավելյալ տեղեկությունների համար: Փա՛ռք Ուկրաինային: Կանգնե՛ք մեր կողքին:
Հարգանքով՝ Օլենա եւ Ջի
ԿԱՏԵՐԻՆԱ
Ես Կատերինան եմ, Ուկրաինայից: Ապրում եւ աշխատում եմ Կիեւում՝ ՏՏ ընկերությունում, որն արտադրում է անօդաչու տեխնոլոգիաներ: Փետրվարի 25-ին գործընկերներիս հետ պլանավորել էինք գնալ արտասահման՝ մեր արտադրանքը ներկայացնելու:
Մի գիշերվա ընթացքում իմ, ընկերներիս եւ ընտանիքիս կյանքը փոխվեց: Մենք արթնացանք պայթյունների ձայներից. Ռուսաստանը պատերազմ է սկսել: Ես երբեւէ չէի պատկերացնի, որ կտեսնեմ ռումբեր եւ արկեր իմ տուն տանող ճանապարհին, կհեռանամ իմ բնակարանից՝ չիմանալով, թե երբեւէ կկարողանամ վերադառնալ:
Ես վախենում եմ աչքերս փակելուց, որովհետեւ չգիտեմ՝ կբացեմ արդյոք նորից: Եվ այս ամենի պատճառն այն է, որ մենք Ռուսաստանի, հնարավոր է նաեւ Բելառուսի կողմից ենթարկվել ենք հարձակման: Երեկ գիշեր Բելառուսից արձակված ռուսական հրթիռները հարվածել են Ժիտոմիր ու Չեռնիգով քաղաքները: Կիեւը տեղակայված է այս երկու քաղաքների միջեւ: Այսօր նրանք համարյա ոչնչացրել են նաեւ Խարկովը՝ կիրառելով ծանր զինատեսակներ:
Ռուսաստանը պատերազմ է մղում մեր դեմ, այն մարդկանց դեմ, որոնք պաշտպանում են ժողովրդավարությունն ու ազատ կամքը: Մենք տուժում ենք մի անմիտ մարդու պատճառով, որն ունի բռնատիրական հայացքներ ու չի արժեւորում մարդկային կյանքը:
Կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչ է նշանակում արթնանալ կեսգիշերին օդային տագնապի ձայնից, բացատրել երեխային, թե մեր երկրում գիշերներն ինչու ենք քնում նկուղում։ Կարող է տարօրինակ թվալ, բայց դեռ չեմ պատկերացնում, որ այս ամենն իրական է:
Ընտանիքս ու ես դեռ Կիեւում ենք, ի վիճակի չենք եւ, ճիշտն ասած, ցանկություն էլ չունենք հեռանալու: Ամեն երեկո նկուղում քննարկում ենք նորությունները, բոլորիս գլխում նույն միտքն է «21-րդ դարն է, շատ պատերազմներ են եղել, ես չեմ կարող հավատալ, որ այս ամենն իրականում կատարվում է»:
Մեր զինվորները քաջություն են ցուցաբերում ու կպաշտպանեն մեզ եւ մեր երկիրը, բայց, այդուհանդերձ, մենք խնդրում ենք ձեր աջակցությունը: Խնդրում ենք փակել Ուկրաինայի երկինքը, խնդրում ենք մեզ արթնանալու եւ ապագա ունենալու հույս տալ: Մնացածը մենք կանենք: Ռուսաստանի Դաշնության նախագահն արդեն սպառնում է միջուկային հրթիռներ կիրառել։ Դա ցույց է տալիս, թե որքան վճռական է նա իր մտադրության մեջ՝ աշխարհը վերափոխելու իր պատկերացմամբ: Ռուսաստանի կառավարության գործողությունները սպառնալիք են ողջ աշխարհի համար:
Այս նկարում մայրիկիս եւ շանս հետ մետրոյի կայարանում եմ. նույնիսկ այնտեղ լսելի են պայթյունների ձայները: