ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտարարություն է տարածել` մարտի 7-ին ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետեւանքով հայ զինվորի զոհվելու կապակցությամբ։ «Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը»,- նշված է հայտարարությունում։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը շեշտել է, որ այդ ողբերգական մահն ընդգծում է զսպվածության, վիճելի սահմանամերձ տարածքներում ուժերի՝ միմյանցից հեռու մնալու եւ դիվանագիտական ակտիվ փոխգործակցությամբ բոլոր խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:
Առաքելությունը կողմերին կոչ է արել հումանիտար հարցերում իրականացնելու առաջընթացի քայլեր, ինչպիսիք են բոլոր գերիների ազատ արձակումը, տեղեկատվության փոխանակումն անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու համար, ականազերծումը եւ մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարումների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության ուղղությամբ առաջ շարժվելը:
Հաղորդագրությունում նշված է նաեւ, որ ԱՄՆ-ը այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար: ԱՄՆ-ը վստահեցնում է, որ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ եւ խաղաղ ապագան խթանելու գործում։