Թումանյանի տարածաշրջանի անասնաբույժներից շատերն իրենց կենսաթոշակի տարիքին են սպասում, որ հանգիստ խղճով թողնեն կարեւոր, միաժամանակ անշնորհակալ ու չվարձատրվող աշխատանքը։ Պետությունից նրանց ստացած գումարը գործարքային է եւ քիչ։ Եթե ուզում են ավելի շատ աշխատել, ապա պետք է ձեռք մեկնեն եւ գումար վերցնեն համագյուղացուց։
Դեռեւս 2017-ին ՏԻՄ օրենքում կատարված փոփոխության արդյունքում ներդրվեց համայնքային անասնաբույժի ինստիտուտը, որը, ըստ տարբեր համայնքներում աշխատող անասնաբույժների, մինչեւ օրս որեւէ դրական արդյունք չի տվել։
Միայն խնդիրներն են շատացել
Աշոտ Ալիխանյանը Հաղպատ գյուղի 17 տարվա անասնաբույժն է։ Նախորդ տարի նա հրաժարվել է համայնքային անասնաբույժի պարտականությունից, բայց շարունակում է կատարել գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելմանն ուղղված պարտադիր աշխատանքները՝ որպես էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվաստող անասնաբույժ։ Իսկ դա նշանակում է, որ տարվա ընթացքում զբաղվածությունը մի քանի ամիս է, իսկ վարձատրությունը՝ գործարքային․ մեկ կենդանի պատվաստելու համար 125 դրամ է ստանում։
«Մոտկորի գյուղերում մի անասնաբույժը սպասարկում է մոտ 2 հազար գլուխ անասուն։ Իսկ մեր գյուղերում՝ Աքորի, Հաղպատ, Ծաղկաշատ, Կաճաճկուտ եւ այլն, քիչ է անասնագլխաքանակը։ Ու դրա համար անասնաբույժը մեղավոր չէ։ Կլոր տարվա կտրվածքով իմ ամբողջ ստացածը 30 հազար դրամ է։ Հունվար, փետրվարին աշխատավարձ չկա, որովհետեւ վակցինացում չի եղել, մարտին մենք կսկսենք վակցինացնել, ու նոր ապրիլին աշխատավարձ կստանամ։ Ու դա ոչ մեկի հոգսը չի, թե էդ մասնագետը ինչով է գոյատեւելու»,- ասում է Ալիխանյանը։
Համայնքային անասնաբույժի գործից նա հրաժարվել է նվաստացուցիչ աշխատավարձի պատճառով։ Բայց ստացվում է՝ միայն աշխատավարձից է հրաժարվել, որովհետեւ գյուղացիները կենդանիների վերաբերյալ ցանկացած հարցով նորից նրան են դիմում, ինքն էլ գնում եւ օգնում է՝ գիշեր թե ցերեկ։ Աշոտ Ալիխանյանը մասնագետին, տվյալ դեպքում համայնքային անասնաբույժին 27 հազար դրամ աշխատավարձ տալը մարդու իրավունքների կոպիտ խախտում է համարում՝ նշելով, որ այդ գումարից դեռ պահումներ են արվել, եւ իր մաքուր աշխատավարձը 20 հազար դրամ է եղել։
Տարիներ առաջ համայնքային անասնաբույժի հաստիք ներդնելով՝ պետությունն անասնաբույժի աշխատանքն արհեստականորեն բաժանել է երկու մասի։ Մի դեպքում նա պատվաստող մասնագետ է, որ տարվա ընթացքում մի քանի ամիս կատարում է կենդանիների պարտադիր պատվաստումներն ու վարձատրվում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Մյուս դեպքում, արդեն համայնքապետարանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, անասնաբույժը ոչ միայն մասնագիտական ծառայություններ է մատուցում, այլեւ տեղեկանքներ է լրացնում, գրանցամատյաններ վարում, անասունների հաշվառում անում՝ դրա դիմաց ստանալով 27 հազար դրամ հաստատագրված աշխատավարձ։ Եվ որպեսզի դրույքաչափն ամբողջանա, իր մատուցած ծառայությունների համար անասնաբույժը պետք է գյուղացիներից գումար գանձի, այդ գումարը մուտքագրի համայնքի բյուջե, ինչից հետո միայն համայնքապետարանը կլրացնի անասնաբույժի աշխատավարձը։ Համալրվող գումարն էլ ուղիղ համեմատական է անասնաբույժի մուտքագրած գումարին։
«Չես կարող վճարային համակարգ աշխատեցնել։ Ոչ մեկը մի հատ պենիցիլին կամ բիցիլին սրսկելու համար քեզ 500 դրամ չի վճարի, որ դու էլ տանես, քաղաքապետարան մուտք անես։ Մանավանդ որ պատերազմ ենք տեսել, համավարակ, հիմա էլ Ռուսաստանի սահմանափակումներն են, դե արի, գնա ինչ-որ մեկի համար փողով մի բան արա։ Հնարավոր չի, ով ասի, որ կարող է անել, նա ուրեմն եզակի մարդ է»,- նեղսրտելով ասում է Աշոտ Ալիխանյանը։
Ալավերդի խոշորացված համայնքի գյուղական յոթ բնակավայրերը սպասարկում են համայնքային երեք անասնաբույժներ։ Հաղպատի և Ծաղկաշատի անասնաբույժին, ըստ Աշոտ Ալիխանյանի, ոչ մի հաղպատցի չի դիմում անգամ կենդանու ամենաբարդ խնդրի դեպքում․ նա Ծաղկաշատում է ապրում եւ կանչերի դեպքում պետք է 7-8 կմ գրեթե անանցանելի ճանապարհով Հաղպատ հասնի։
62-ամյա Սերգո Խանվելյանն էլ գյուղից գյուղ, տնից տուն է գնում արդեն 40 տարի։ Նա Օձուն խոշորացված համայնքի 9 գյուղերը սպասարկող համայնքային երկու անասնաբույժներից մեկն է, որ նաեւ պետպատվերով կենդանիների տարեկան պարտադիր պատվաստումներն է անում։ Ժամանակին թեպետ շատ սիրելով սովորել ու կարմիր դիպլոմով է ավարտել ինստիտուտը, այսօր փաստում է՝ անասնաբուժությունն ընտանիք չի կերակրում, այն կարգին աշխատանք էր խորհրդային տարիներին։
Անասնաբույժի երկատված աշխատանքն էլ երկարամյա մասնագետի համար բազում դժվարություններ է ստեղծում, բայց գյուղացուն երբեք անօգնական չի կարող թողնել։ Սեփական մեքենայով է շրջում, մեծ մասամբ նաեւ սեփական միջոցներով դեղորայք գնում․ առանց դրա չի կարող ծառայություն մատուցել։
«Գիշեր-ցերեկ մարդիկ ահազանգում են, խոնարհ ծառայի պես պիտի գնաս, չես կարող չգնալ։ Ծննդօգնության ժամանակ շատ դեպքերում տերը չի կարողանում ազատի, միջամտելու կարիք է լինում, դժվար է, պիտի անես։ Կամ կենդանին հիվանդ է, մոտեցար, դիագնոզեցիր, պիտի սրսկում անես, բուժում անես։ Դրա համար դեղ է պետք, տերը չի առնում, դու էլ անասնաբույժ ես, առնում ես, տանում սրսկում, բայց էդ մարդը դեղի փողն էլ կամ կտա, կամ չէ։ Կենդանին մեղավո՞ր է, որ տերը փող չունի, թողնենք սատկի՞։ Ճիշտ է, մենք Հիպոկրատի երդում չենք տվել, բայց մեր գյուղն է, տեսուճանաչ մարդիկ ենք, չես կարող մեկի համար գնաս, մյուսի համար՝ չէ»,- անասնաբույժի աշխատանքի բարդ ու չերեւացող կողմն է ներկայացնում Սերգո Խանվելյանը։
Պետությունն իր գործը գյուղացուն է թողել
Անասնապահությամբ զբաղվող գյուղացիներն էլ կարծում են, որ եթե պետությունը ճիշտ համակարգի գյուղատնտեսության ոլորտն ընդհանրապես, ապա խնդիրներ չեն առաջանա։ Հաղպատցի Սարիբեկ Բարսեղյանն, օրինակ, վստահեցնում է՝ իրենց գյուղում անասնապահությունը գնալով վերանում է, ուր մնաց՝ անասնաբույժը վճարովի աշխատանք ունենա։
«Խոզը վերացել է, 3-4 մարդ է գյուղում խոզ պահում, այծ ու ոչխարը վերացել են, որովհետեւ բնակչությունը ծերացել է, մարդ չկա։ Գյուղը հանգել է, իսկ պետությունն իր պարտականությունները դեռ գյուղացու վրա է գցում։ Մեր Աշոտն էլ գյուղի նման անկում է ապրում․ սպասի, թե երբ պիտի մի կով կամ մի ապրանք հիվանդանա, որ երկու կոպեկ անի, ընտանիք պահի»,- ասում է գյուղացին։
Իսկ օձունցի Հրանտ Դալլաքյանը, որ ամբողջ կյանքում անասնապահությամբ է զբաղվել, պատրաստակամ է կատարելու բոլոր վճարումները, բայց միայն օրենքի պարտադրմամբ։
«Եթե օրենք լինի, որ ես պիտի անասնաբույժին փող տամ, ուրեմն կտամ, եթե պետք է, ես վակցինեն առնեմ, մեծ հաճույքով կառնեմ։ Պետությունը պիտի հաշվարկ անի, էս մարդն էլ գնա, ներկայանա, ասի՝ ձեւը սենց չի, ախպեր ջան, էս փողով ես չեմ աշխատում։ էն ժամանակ արդեն պետությունը կասի՝ ժողովուրդ, դուք պետք է վճարեք, կամ էլ էդ մարդու աշխատավարձը բարձրացնի։ Իսկ անասնաբույժը եթե ձեն չի հանում, խելոքանում է, պետությանն էլ ի՞նչ է պետք»,- ասում է անասնապահը։
Միայն կարեւորում են, չեն վարձատրում
Անասնաբույժի աշխատանքի նկատմամբ նման անտարբերության ու թերահավատ վերաբերմունքի պայմաններում գյուղատնտեսությունն, ըստ Խանվելյանի, ուղղակի չի զարգանա, որովհետեւ հենց այս մասնագետներն են կենդանի-մարդ-սնունդ շղթայի անվտանգության պատասխանատուն։
«Սնունդ տվողը գյուղացին է, մենք էլ սպասարկողն ենք, մեզ էլ չի ուզում պահի։ Ասենք՝ բրուցելոզ կա գյուղում, աշուն-գարուն ստուգում ենք, հիվանդներին հարկադիր մորթի ենթարկում, բայց պիտի նենց անես՝ հիվանդությունը չտարածվի։ Մենք նաեւ մարդուն պիտի հեռու պահենք կենդանական հիվանդություններից։ Հիվանդ կենդանին որ հոտի մեջ լինի, տերը կվարակվի, էդ կաթը ով առնում է, խմի, կվարակվի։ Դրա համար մասնագետ է պետք։ Եթե խնդիր առաջանա, արդեն կսկսեն մեղավոր ման գալ»,- ասում է անասնաբույժը։
Գյուղատնտեսական կենդանիների հիվանդություններից ամենամասշտաբայինը բրուցելոզն ու սիբիրյան խոցն են։ Տեւական ժամանակ նահանջած բրուցելոզի դեպքեր վերջին 2-3 տարում կրկին արձանագրվում են մարզում։
Բժիշկ-վարակաբան Նունե Էվինյանն ասում է՝ եթե կենդանիների պատվաստումն ու սանիտարաէպիդեմիկ հսկողությունն իրականացվեն լիարժեք կերպով, ապա հնարավոր կլինի խուսափել հիվանդությունից։
«Դա խրոնիզացիայի հակում ունեցող հիվանդություն է, հենաշարժիչ համակարգն ու ներքին օրգաններն ընդգրկող։ Բուժվում է, բայց ցանկալի չէ, որ արձանագրվի։ Հիվանդ կենդանիները պիտի անմիջապես մեկուսացվեն, որպեսզի դրանցից ստացված կաթը, պանիրը, միսը չմտնեն շուկա։ Իսկ սիբիրյան խոցը, որ նույնպես վտանգավոր ինֆեկցիաների շարքն է դասվում, վերջին անգամ Սպիտակի տարածաշրջանում է եղել մի քանի տարի առաջ»,- նշում է բժիշկ-վարակաբանը, ապա հաստատում՝ անասնաբուժական ծառայությունը պետք է շատ լուրջ հիմքերի վրա լինի։
Մինչդեռ անասնաբույժի՝ առանց հաստիքի եւ առանց արժանապատիվ աշխատավարձի գործն այլեւս հեռանկար չունի․ երիտասարդներն այս մասնագիտության կողմն ուղղակի չեն նայում։ Ոլորտի կարգավորումն, ըստ անասնաբույժների, հարկավոր է սկսել խելամիտ եւ կայուն աշխատավարձի սահմանումից, ինչին կգումարվի գործարքային հիմունքով մատուցվող ծառայությունների գումարը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։