ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 7–ին մեկնաբանել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել, եւ չնայած դժվարություններին՝ կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին:
Ըստ «Արմենպրես»-ի՝ Հունանյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել եւ բնականաբար այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսեւորում:
Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:
«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչ օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, եւ քանի որ երկու երկրներն ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով»,- ընդգծել է Հունանյանը:
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը վերջերս անդրադարձել էր նաեւ Թուրքիայի արտգործնախարարը։ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ողջունում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու՝ Ադրբեջանի առաջարկը, եւ հույս էր հայտնել, որ Հայաստանը կընդառաջի դրան։