ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը։ Պաշտոնակիցները հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում:
Տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած սադրիչ գործողություններին եւ հրադադարի պարբերական խախտումներին։
Միրզոյանը անդրադարձել է նաեւ Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու եւ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։
Ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տեւական կարգավորման անհրաժեշտությունը։