Մարտի 13-ին ԱԺ հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը հանդիսավոր երդմամբ կստանձնի հանրապետության նախագահի պարտականությունները: Երդման տեքստը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ. «Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Երդման այս տեքստն, ի դեպ, լիովին համապատասխանում է նախագահի սահմանափակ լիազորություններին: Նախագահը, որ ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխն է, հետեւում է Սահմանադրության պահպանմանը, իր գործողություններում օրենսդրությամբ չափազանց սահմանափակ լիազորություններ ունի: Սրա մասին շատ է խոսվել: Փաստորեն, երկրի նախագահի վրա դրված չէ Հայաստանի անկախության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության պահպանման պարտականություն:
Սահմանադրությամբ գործադիր իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացած է ՀՀ վարչապետի ձեռքում: Վարչապետը եւ կառավարության մյուս անդամները եւս իրենց լիազորությունները ստանձնելիս երդվում են: Ի տարբերություն նախագահի՝ ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների երդման տեքստն ամրագրված է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքով. հոդված 4-ում նշված է. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Եվ կրկին՝ եթե նկատեցիք, որեւէ խոսք չկա ո՛չ անկախության, ո՛չ անվտանգության եւ ո՛չ էլ տարածքային ամբողջականության պահպանման մասին: Ընդամենը կառավարության անդամները երդվում են նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը: Ընդամենը նպաստել եւ ոչինչ ավելին:
Կառավարության անդամների նման երդման մի տեքստ էլ արտասանում են ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց լիազորությունները ստանձնելիս՝ «նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը»: Եվ կրկին՝ ոչ մի պարտավորվածություն, այլ միայն նպաստել:
Որքան էլ պարադոքսալ հնչի, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով Հայաստանում չկա որեւէ պետական բարձրաստիճան պաշտոնյա, որի վրա դրված է ՀՀ անկախության, անվտանգության, տարածքային ամբողջականության ապահովման, այդ ամենի երաշխավորի պատասխանատվությունը: Հետեւաբար չկա պաշտոնյա, որը երդմամբ իր պարտականությունները ստանձնելիս նաեւ կպարտավորվի ապահովել վերը նշված խնդիրների կատարումը:
Մինչդեռ նախկինում այս հարցում ամեն ինչ հստակ էր. 1991 թվականից ի վեր մինչեւ 2015-ին ընդունված Սահմանադրության ուժի մեջ մտնելն ու խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելը (2018-ի ապրիլը) այդ պարտականությունը դրված էր ՀՀ նախագահի վրա: Դեռ 1995 թվականին ընդունված, ապա 2005-ին փոփոխված ՀՀ Սահմանադրությամբ հստակ նման պարտականություն էր սահմանված նախագահի համար. «Հանրապետության նախագահը հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է»:
Եվ բացի այդ, ՀՀ նախկին Սահմանադրությամբ շատ հստակ սահմանված էր նախագահի երդման տեքստը, որում վերջինս պարտավորվում էր «ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը»:
Հիմա ՀՀ գործող Սահմանադրությունը երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության ապահովման պարտականությունը դրել է միայն ՀՀ զինված ուժերի վրա. հոդված 14-ը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»: Եվ վերջ:
Այս ամենը, թերեւս, հիշեցինք ոչ միայն այն պատճառով, որ վաղը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունն է: Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՀՀ-ից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հարցին, նշել, թե վերջին օրերին «հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք», եւ դրանից հետո հայտարարել էր, թե «Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու վրա»:
Իսկ վերջին օրերին իրադրության լարումները ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի սահմաններում հրադադարի ռեժիմի պարբերական դարձած խախտումներն են, որոնց հետեւանքով ունենք ոչ միայն վիրավորներ, այլեւ զոհ:
Եվ ժամանակին «առյուծ ճղող», իսկ այսօր ամեն առիթով «խաղաղության դարաշրջանից» խոսող Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ խուսափում է կատարվածին գնահատական տալուց եւ բավարարվում արձանագրումներով:
Չէ՞ որ ինքը Սահմանադրությամբ ու երդման տեքստով ամենեւին էլ չի պարտավորվել ապահովել երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը, նա միայն երդվել է «նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը» եւ ոչինչ ավելին: Բացի այդ՝ ժողովուրդը նրան միանգամայն այլ մանդատ է տվել՝ «պողպատյա», որպեսզի ջարդի «քոչարյանասերժական ոհմակի ատամները» եւ ուրիշ ոչինչ:
Իսկ մինչ այդ ապրում ենք մի երկրում, որը չունի անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավոր պաշտոնյա:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: