Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել։ Նա ընդգծել է, որ Բաքուն ներկա պահին Երեւանից պատասխան է սպասում։
«Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Նրա պնդմամբ` դեռ 1 տարի առաջ Իլհամ Ալիեւը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սակայն Երեւանի կողմից դեռ արձագանք չկա, թեեւ ՀՀ իշխանությունները բազմիցս ասել են խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։
«Իր բարի կամքը դրսեւորելու համար ադրբեջանական կողմը վերջերս նոր առաջարկ է արել Հայաստանին։ Առաջարկը համապարփակ փաստաթուղթ է… Մենք հայկական կողմին առաջարկել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք, ըստ էության, ներառում են Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը»,– նշել է Բայրամովը։
Նա նաեւ շեշտել է, որ փաստաթուղթը մեկէջանոց է, սակայն Բայրամովը չի մանրամասնել, թե ինչ կետերի մասին է խոսքը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր, թե Բաքուն պատասխան է ակնկալում Երեւանից հնարավոր խաղաղության պամանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հունվարի 20-ին ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեւակերպումն ու ստորագրումը ենթադրում են մի շարք պայմանների առկայություն։ Նա ընդգծել էր, որ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել ԼՂ հիմնախնդրի լուծում։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւս հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ։