ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, մեկնաբանելով Պետդումայի՝ ՄԱԿ-ին ուղղված դիմումը, հայտարարել է, որ ՄԱԿ-ը Ուկրաինայում ռազմա-կենսաբանական ծրագրերի առկայության վերաբերյալ հետաքննություն անցկացնելու մանդատ չունի, եթե իրեն այդ մանդատը չտրամադրեն։
Նա հավելել է, որ ՄԱԿ-ը կշարունակի կենսաբանական զենքի վերաբերյալ զեկույցներ անել, այսինքն` այն, ինչին ՄԱԿ-ը քաջատեղյակ է եւ ուշադիր կհետեւի իրավիճակին:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Meta-ն թույլ է տալիս ռուսաստանցիների դեմ բռնության կոչեր անել, Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ը դեմ է ատելության ցանկացած հրահրմանը եւ բռնության կոչերին:
«Նման հռետորաբանությունն անընդունելի է ցանկացած կողմից»,–ասել է Դյուժարիկը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ ռազմական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի տարածքում բացահայտվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանցի գործունեությունը, դրանք աշխատում էին ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կից սպառնալիքի կրճատման գործակալության պատվերով:
Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում ԱՄՆ պատվերով կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի մասին հայտարարությունները քարոզչական բնույթ ունեն եւ ապատեղեկատվություն են: