Շարունակելու ենք պայքարել անկախության համար

aliq
Yulia

ՅՈՒԼՅԱ

Ես նստած եմ լոգարանում իմ փոքր երեխայի հետ, որը հիմա քնած է, եւ թույլ չեմ տալիս, որ մյուս երեխաս հեռախոսի լիցքավորիչը վերցնի սենյակից: Երեկ առավոտյան ժամը վեցից ռուսական զորքերը անընդմեջ գնդակոծում էին մեր ուղղությամբ։ 12 ժամ շարունակ: Այսօր նրանք տներ են ռմբակոծել։

Առավոտյան արթնանում ենք ու հարցնում՝ արդյոք բոլորն արթնացել են, ինչպես են:

Որքա՜ն ուրախալի է լսել՝ լավ ենք, դու ինչպե՞ս ես:

Վտանգավոր է գնալը։ Վտանգավոր է մնալը։ Ես դեռ չգիտեմ, թե որն է ճիշտ: Ձեռքերս դողում են, բայց փորձում եմ հանգիստ ձայնով հինգամյա որդուս հեքիաթ պատմել։ Նա պետք է մի քիչ քնի: Նա վախենում է, սիրտը արագ է բաբախում… Ես էլ եմ վախենում, որովհետեւ լսում եմ հրետակոծության ձայներ։

Ցավում եմ, որ երեխաներին դուրս չհանեցի գնացքով կամ ավտոբուսով հենց առաջին առավոտյան, երբ հարձակում եղավ Խարկովի ուղղությամբ: Շատ եմ ցավում, որ իմ ամբողջ սերը չի բավականացնում նրանց անվտանգության ծածկոցով փաթաթելու համար: Շատ օտարերկրյա ընկերներ ինձ առաջարկում են ապաստան, իրենց տները, աշխատանք եւ այլ աջակցություն:

Բայց մենք չենք կարող ապահով հեռանալ: Այնուամենայնիվ, շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք եւ առաջարկում: Այսօր ընկերոջս ամուսինը զոհվել է Խարկովի բնակելի թաղամասերից մեկում գնդակոծության հետեւանքով:

Մենք երեխաների հետ քնում ենք միջանցքում: Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ կարող եմ անել, որ նրանք ավելի ապահով լինեն: Ես իսկապես հույս ունեմ, որ մենք կդիմանանք:

Այս ամենը չի կարող երկար շարունակվել: Ես տեսնում եմ, թե միջազգային ինչ աջակցություն է ստանում Ուկրաինան, եւ, իհարկե, մեր բանակը, մեր ժողովուրդը ինչպես են պաշտպանում եւ օգնում միմյանց։

Տղաս ծածկոցից, աթոռից ու գրքերից կացարան է կառուցել:

Ես իսկապես հույս ունեմ, որ Ռուսաստանին կարելի է կանգնեցնել։

* * *

ԻՐԻՆԱ

Ես Իրինա Պերկովան եմ, ուկրաինացի։ Մարիուպոլից եմ, բայց հիմա ապրում եմ Կիեւում։ Ես ու երեխաներս վերջին երկու օրն անցկացրել ենք մետրոյի կայարանում՝ պաշտպանվելու օդային հարվածներից։ Մենք քնում էինք հատակին։ Որոշ մարդիկ իրենց հետ բավարար սնունդ չէին վերցրել: Ես նրանց տվեցի մեր ուտելիքի մի մասը։ Գրեթե բոլոր սուպերմարկետները, խանութները, դեղատները փակ են կամ հսկայական հերթեր դրանց առջեւ: Գնդակոծությունների հետեւանքով Կիեւ դժվար է սննդամթերք, ապրանք ու դեղորայք հասցնել: Բայց մենք պայքարում ենք եւ շարունակելու ենք պայքարել մեր անկախության համար։

Irina
general
Natalia

ՆԱՏԱԼՅԱ

նամակ Նյու Յորքից

Ես Նատալյա Կավունն եմ, ապրում եմ Նյու Յորքում, որը Կիեւից 7507 մղոն հեռավորության վրա է: Ծնողներս ապրում են Չերկասիում՝ Կիեւից 100 մղոն հարավ: Նրանք երկուսն էլ վաթսունն անց են։ Սիրտս ցավում է ծնողներիս համար: Ես նրանց զանգահարեցի փետրվարի 24-ին՝ ժամը 5-ին (Ուկրաինայի ժամանակով), որ տեղեկացնեմ՝ պատերազմ է սկսվել:

Ինչպե՞ս է պատերազմն ազդել նրանց կյանքի վրա: Կարծում եմ, դուք բավականաչափ կադրեր տեսել եք: Ծնողներս գնում են հարեւան շենքի նկուղ, երբ հայտարարում են արտակարգ դրություն։ Քանի՞ անգամ են նրանք գնացել եւ քանի՞ գիշեր չեն քնել:

Չերկասին հաջողակ քաղաք է այնքանով, որ ռուսական բանակը դեռես ռմբակոծության չի ենթարկել, բայց վերջին երկու օրվա ընթացքում պատկերը փոխվել է: Երեկ նրանք ամբողջ գիշեր անցկացրել են նկուղում։ Նրանք չեն քնել: Նրանք չեն պառկել: Նրանք չունեն հարմարություններ: Նրանք հազացել են փոշուց: Նրանք չեն կարողանում քնել անհանգստության պատճառով։ Այդ փոքրիկ նկուղում՝ մոտ 60 քմ, մոտ տասը մարդ կա՝ նրանց հարեւանները, ընկերները իրենց ընտանի կենդանիների հետ: Մարդիկ միավորվել են ոտքի կանգնելու եւ միմյանց թշնամուց պաշտպանելու համար։ Ուկրաինացիներն ավելի ուժեղ են, քան երբեւէ: Ծնողներս սարսափում են մեր քաղաք ռուսների գալուց, բայց հրաժարվում են հեռանալուց, քանի որ հավատում են Ուկրաինային եւ այն ներքին ուժին, որ ուկրաինացիները որպես ազգ ցույց են տալիս ամբողջ աշխարհին:

Մայրս դուրս է եկել մի քիչ մաքուր օդ շնչելու, տեսել է շենքի հարեւանությամբ պտտվող մի քանի ուղղաթիռներ: Փորձել է հասկանալ՝ ռուսնե՞րն են, թե՞ ուկրաինացիները: Իհարկե, նրա վրա բղավել են մոտակայքում գտնվող ոստիկանները։ Սա նոր իրողություն է, որին ուկրաինացիները չեն հարմարվել: Սիրտս ցավում է, որ չեմ կարող օգնել նրանց կամ Ուկրաինային: Խնդրում եմ, ուշադրությո՛ւն դարձրեք Ուկրաինայի խնդրին: Խնդրում եմ, փակե;ք Ուկրաինայի երկինքը: Ուկրաինացիներն արժանի են ապրելու եւ ունենալու այն կյանքը, որը նրանք կառուցել են քրտնաջան աշխատանքով վերջին 30 տարիների ընթացքում:

Ես հպարտ եմ, որ ուկրաինացի եմ. փա՛ռք Ուկրաինային։

* * *

ԱՆՆԱ

Մաս առաջին

Անտոնի հետ արթնացանք առավոտյան ժամը հինգին՝ միմյանց ասելով՝ սկսվեց: Ես Կիեւում եմ եւ պայթյունների ձայներ լսեցի Բորիսպոլի օդնավակայանի կողմից 5:30-ին: Հիմա հանգիստ է: Խանութներում հսկայական հերթեր են: Պատերազմ է:

Փոքրիկ մթերային խանութի տիկինը դողում եւ լաց է լինում: Նրա որդին զինվորական կրթություն է ստանում, եւ այսօր վաղ առավոտյան նրան կանչել են պաշտպանելու մեր երկիրը։ Ես գրկել էի նրան, իսկ նա լացում էր: Լավագույնը, որ կարող եմ անել՝ գրկելն է իմ կողքի մարդկանց եւ ընդունել այն, ինչ կատարվում է: Պատերազմ է:

Մաս երկրորդ

Ամբողջ գիշեր գրեթե չեմ քնել: Առավոտյան ժամը յոթին օդային հարձակման ահազանգ եղավ: Վերցրինք մեր իրերը, կատվին ու վազեցինք նկուղ։

Շատ դժվարությամբ որոշեցի հեռանալ Կիեւից: Շատ եմ տխրում: Թող երբեւէ մեկը չիմանա, թե որքան դժվար է թողնել տունը, ընկերներին ու ընտանիքը պատերազմի պատճառով: Տեսնել տանկեր, երեխաներ եւ ընտանի կենդանիներ միասին մեկ տեղում՝ երկրի մայրաքաղաքում:

Ես հիմա ապահով վայրում եմ: Արդեն 12 ժամ ավտոբուսը դեպի արեւմուտք է գնում։ Ամբողջ ընթացքում լացում եմ: Ծնողներս ու եղբայրս Ուկրաինայի հարավում են: Այնտեղ կռիվները դաժան են: Այս ամենն այնքան անհավատալի է, բայց եւ այնքան իրական: Իմ երկրում պատերազմ է։ Իսկ թե ինչի միջով է անցնում իմ ժողովուրդը, կարող են հասկանալ միայն նրանք, որոնք տեսել են պատերազմ իրենց երկրում։

Մաս երրորդ

Իմ սիրելի՛ ընկերներ ամբողջ աշխարհից, ես այնքա՜ն շատ բան ունեմ ասելու, բայց հոգնած եմ: Ես վտանգից հեռու եմ՝ Զակարպատիայում (Արեւմտյան Ուկրաինա): Կերել եմ, երեք ժամ քնել եմ. ապահով եմ: Բայց ծնողներս, եղբայրս ու ընկերներս դեռ հարձակման գոտում են։ Տեսանյութերն ու լուրերը սարսափելի են։ Ես չեմ պատրաստվում հեռանալու Ուկրաինայից, ուզում եմ հետ գնալ Կիեւ որքան հնարավոր է շուտ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ աջակցության համար: Դուք ինձ հարցնում եք՝ ինչպես օգնեք: Նախեւառաջ մի՛ ընտելացեք այն մտքին, որ Ուկրաինայում ՊԱՏԵՐԱԶՄ է: Շարունակե՛ք վերահրապարակումներ անել: Ես կփորձեմ հավաքել այն, ինչ կարող եք վերահրապարակել:

Աչքերս լցվում են արցունքներով, երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ միավորվում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջը։ Ուզում եմ հատուկ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ասել այն ռուսներին, որոնք գնում են բողոքի ցույցերի, վերահրապարակումներ են անում եւ կարծիք են փոխում: Դուք քաջ եք: Շնորհակալ եմ, որ հաղթահարում եք ձեր վախը: Ես գիտեմ, թե ինչպես վախը կարող է ստիպել չշարժվել, չանել ոչինչ, չտեսնել, թե ինչ է կատարվում մյուս կողմում: Մենք միասին կարող ենք դադարեցնել այս պատերազմը:

Ես այնպիսի՜ ցավ եմ զգում: Մարդիկ են զոհվում երկու կողմերից էլ: Ես տեսնում եմ, որ ատելություն է շուրջբոլորս, եւ դա հասկանալի է: Փորձում եմ կենտրոնանալ այն մտքի վրա, որ խաղաղություն եմ ուզում իմ երկրում, այս աշխարհում: Ուզում եմ՝ փրկվեն մարդկային կյանքեր: Շատ շնորհակալ եմ մեր բանակին ու նախագահին: Հուսով եմ՝ նրանք կարողանում են գոնե մի քիչ քնել:

Կփորձեմ շարունակել կիսվել նորություններով։ Դա ինձ համար կարեւոր է, եւ ես գիտեմ, որ կարեւոր է նաեւ ձեզ համար:

Anna