«Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ռուս–ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլից առաջ մասնակիցները հիմնական հարցերի քննարկումից հետո աշխատում են դրանց իրավաբանական ձեւակերպման վրա։
Ըստ Պոդոլյակի` բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա համատեղ իրավաբանական ձեւաչափերի մշակումից անմիջապես հետո։ Նա հավելել է, որ դա կարող է լինել վաղը, վաղը չէ մյուս օրը:
«Պարզապես հանդիպելու եւ զրուցելու կարիք, հավանաբար, արդեն չկա։ Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, այդ հարցերն այժմ փորձում ենք իրավաբանական որոշակի ձեւաչափի մեջ տեղավորել»,– ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան։
Ուկրաինական կողմը, օրինակ, պնդում է մեխանիզմների նախնական ամփոփիչ ցանկում ներառել Ուկրաինայի տարածքում ավերածությունների փոխհատուցումը։
«Պետք է փոխհատուցման հստակ մեխանիզմներ նշվեն` ինչի եւ ում բյուջեի հաշվին այդ ամենը պետք է վերականգնվի»,– նշել է նա։
Հաշտության համաձայնագի՞ր Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ
Պոդոլյակը չի բացառել, որ այդ փաստաթղթի ստորագրման ժամանակ երրորդ երկրների մասնակցության անհրաժեշտություն կլինի, երկրներ, որոնք արդեն իսկ «ուղղակիորեն կամ անուղղակիորեն» ներգրավված են Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակի մեջ։
Վերջնական փաստաթուղթը՝ հավանաբար Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հաշտության համաձայնագիր, Պոդոլյակի կարծիքով, կստորագրեն երկու երկրների նախագահները։ Միխայիլ Պոդոլյակը նշել է, որ Ուկրաինայի նախագահը պնդում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների երկկողմանի բանակցություններ անցկացնել:
«Դրանց ժամանակ նրանք գուցե վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերեն փոխադարձ որոշակի փոխզիջումների վերաբերյալ: Բայց Ուկրաինայի շահերի տեսանկյունից, քանի որ Ուկրաինան է առավել տուժած երկիրը։ Ստորագրությունները, ինչպես հասկանում եմ, հենց Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներն են դնելու»,– ենթադրել է բանակցողը։