Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ մարտի 6-ի հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ դեմ չէ հանդիպել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան միջոցներ է ձեռնարկում ՌԴ-ի եւ Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը կազմակերպելու համար։ Նա հավելել է, որ Թուրքիան դա փորձում էր անել դեռ պատերազմից առաջ։
«Պուտինը մեր նախագահի հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ նման հանդիպմանը… Ուկրաինական կողմը պատրաստ է։ Կողմերի միջեւ տեխնիկական բանակցություններ են ընթանում Բելառուսում։ Մյուս կողմից, նաեւ այլ դիվանագիտական ալիքներով են ջանքեր գործադրվում, որոնց մենք եւս աջակցում ենք»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նշել է, որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ որոշ հարցերում Անկարան դիրքորոշումների համընկնում է նկատում։
«Որոշ հարցերում փոխըմբռնում կա, ինչի մասին խոսում էր ՌԴ առաջնորդը։ Մենք դա եւս նկատում ենք։ Բայց նախեւառաջ պետք է հասնել հրադադարի հաստատմանը»,– ընդգծել է Չավուշօղլուն։