Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ափսոսանք են հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնմանը նվիրված՝ Վիեննայի բանակցություններում հայտարարված դադարի կապակցությամբ:
«Հիասթափություն է առաջացնում այն, որ ԵՄ համակարգողը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել Վիեննայի բանակցություններում»,- նշված է հայտարարությունում:
Չնայած դրան՝ եվրոպացի բանակցողները նշել են, որ «ազնիվ եւ համապարփակ գործարքը» պատրաստ է, եւ երեք կողմերը պատրաստ են այն ստորագրելու: Եվրոպացի բանակցողները հավելել են, որ ոչ ոք չպետք է փորձի ԳՀՀԾ-ի բանակցություններն օգտագործել գործարքին չվերաբերող երաշխիքներ ստանալու համար։
«Դա վտանգի տակ է դնում գործարքը, ինչն Իրանին կզրկի պատժամիջոցների չեղարկման հնարավորությունից, իսկ միջազգային հանրությունը՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անհրաժեշտ երաշխիքներից։ ԳՀՀԾ-ի վերաբերյալ գործարքը քննարկման փուլում է եւ հրատապ պետք է ավարտվի»,- նշված է համատեղ հայտարարության մեջ: