Բելառուսը կես տարով երկարաձգել է հացահատիկի հիմնական տեսակների արտահանման արգելքը: Սահմանափակումները վերաբերում են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներին: Համապատասխան որոշումն ընդունել է Նախարարների խորհուրդը:
Արգելքը վերաբերում է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, մանրացված հացահատիկի, արեւածաղկի սերմի եւ այլ հացահատիկների ու սերմերի արտահանմանը: Բացառություն է արվել հումանիտար օգնության եւ տարանցիկ փոխադրումների համար։
Հացահատիկի արտահանման սահմանափակումները Բելառուսում գործում են անցյալ տարվա օգոստոսի վերջից:
Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունը որոշել էր ժամանակավորապես արգելել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։
Բացի դրանից` արգելվել է շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը Եվրասիական տնտեսական միության տարածքից դուրս։ Ըստ ՌԴ գյուղատնտեսության նախարարության՝ որոշման նպատակն է թույլ չտալ, որ ռուսական ցորենը երրորդ երկրներ հասնի ԵԱՏՄ տարածքից։
«Մեր նպատակն է ապահովել Ռուսաստանի պարենային անվտանգությունը եւ պաշտպանել ներքին շուկան ստեղծված իրավիճակում»,- հայտարարել է Ռուսաստանի կառավարությունը։
Հացահատիկի սահմանափակման հարցի շուրջ առաջարկությունները պետք է քննարկման դրվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայանալիք նիստում։