«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական հասարակական կազմակերպությունը, հղում կատարելով SOS ֆեյսբուքյան էջում հեռարձակված՝ Հայկ Բարսեղյանի ուղիղ եթերում հնչած տեղեկությանը, որի համաձայն կազմված զեկույցն ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին, խնդրել էր տրամադրել Ամուլսարում ԱԻ նախկին նախարար Ցոլակյանի հրամանով մասնագիտացված փորձագետների միջոցով իրականացված ռադիացիոն ճառագայթման չափագրման արդյունքները։
«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ն մարտի 12-ին ստացել է ԱԻՆ-ի պատասխանը, որտեղ ներկայացված են ուսումնասիրության արդյունքները։
Ըստ ԱԻՆ-ի պատասխանի՝ Որոտան գետի ակունքի վրա կառուցված ՀԷԿ-ի տարածքի չափումներն իրականացվել են Ամուլսարի հանքավայրից ուղիղ գծով մոտ 3,5-4 կմ հեռավորության վրա գտնվող բլրի ժայռանման հատվածում, որտեղ բնական գամմա ճառագայթման դոզայի հզորության միջին արժեքները կազմել են 80-115 մկռ/ժամ, այսինքն՝ այս թվերը հուշում են, որ ճառագայթման չափաքանակը նորմայից 4-6 անգամ բարձր է։
Նախարարությունը չի հերքել, ավելին՝ հաստատել է, որ Ամուլսարի հարակից տարածքներում առկա են ուրանի ու թորի երեւակումներ, ինչի պատճառով էլ կա ռադիացիոն ֆոն։ Ըստ նախարարության՝ ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է, սակայն բուն Ամուլսարի տարածքում բնապահպան ակտիվիստների ճանապարհների շրջափակման պատճառով ուսումնասիրություններ չեն կատարվել։